Պատմամշակութային ժառանգությունն են խլում․ ասորիները դեմ են Դիմիտրով գյուղը հայկական գյուղերին միացնելուն


Պատմամշակութային ժառանգությունն են խլում․ ասորիները դեմ են Դիմիտրով գյուղը հայկական գյուղերին միացնելուն
Սեպտեմբեր 22 22:50 2021

Ասորական Դիմիտրով գյուղը որպես առանձին համայնք փորձում են վերացնել և միացնել 38 հայկական գյուղի։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասորական համայնքի ղեկավար Իրինա Սահրադովա-Գասպարյանն ասաց, որ ասորական համայնքի ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի դիմաց, քանի որ դեմ են Դիմիտրով համայնքի խոշորացմանը։

Իրինա Սահրադովա-Գասպարյանը նշում է, որ արդեն մի քանի տարի է, ինչ Դիմիտրով գյուղի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարվում՝ սկսած մարզպետարանից մինչև Արարատյան թեմ։

«ԱԺ-ում իմ ելույթի ժամանակ Թուրքիայում գտնվող հայկական գյուղի օրինակը բերեցի, որը թուրքական կառավարությունն ուզում է համայնքների խոշորացման ծրագրում ընդգրկել։ Ոչ մի տարբերություն չկա, նույնն էլ այսօր արվում է ասորական գյուղերի նկատմամբ։ Դիմիտրովն ասորական գյուղ է, գյուղապետն ասորի է։ Գյուղապետարանում ասորական դրոշն է դրված, ասորերեն են խոսում։ Զգում ես, որ քո հարազատ միջավայրում ես։ Պատկերացրեք 38 հայկական գյուղ և մեկ ասորական Դիմիտրով ուզում են միավորել, ինչպե՞ս կլինի։ Պատկերացրեք, եթե օրինակ 20 եզդիական գյուղ և մեկ հայկական գյուղ միացնեին, պարզ է չէ՞, որ հայկական գյուղը կձուլվի։ Նույնն էլ այս դեպքում կլինի։ Մեզ մոտ մտավախություն կա։ Պատմամշակութային ժառանգությունն են խլում»,-նշեց Իրինա Սահրադովա-Գասպարյանը՝ հավելելով, որ պատմամշակութային ժառանգության վերացման հետ կապված մտավախություն ունեն։

Իրինա Սահրադովան նշում է, որ իրենք դեմ էին նաև Արզնիի խոշորացմանը, և չնայած Արզնին ընդգրկված էր սկզբնական ծրագրում, բայց հիմա հանել են և հիմնավորում են, որ այնտեղ ասորիների քանակն ավելի շատ է, ինչը Իրինա Սահրադովայի խոսքով սուտ է։

Հարցին՝ այդ դեպքում ո՞րն է Դիմիտրով գյուղի խոշորացման նպատակը, Իրինա Սահրադովա-Գասպարյանն ասաց․

«Մեր կարծիքով՝ մյուս գյուղերն ավելի ծայրային են, իսկ Դիմիտրովը կենտրոնում է, շուրջը հայկական գյուղեր են։ Ինչպես հասկացել ենք Դիմիտրովի տարածքն անհրաժեշտ է օրինակ այնտեղի Հանրապետական թեմին»։

Հարցին՝ հնարավո՞ր է բողոքի ակցիայից և հանդիպումներից հետո նախագծում փոփոխություններ արվեն և Դիմիտրովը ծրագրից դուրս թողնեն, Իրինա Սահրադովան հույս հայտնեց, որ այդպես կլինի։

«Ես էլ առաջարկեցի, որ հանեն Դիմիտրովը, քանի որ մշակված մեխանիզմ չունեն ազգային փոքրամասնությանը պաշտպանելու համար, հետևաբար պետք է քննարկեն, ստեղծեն այդ մեխանիզմները, հասկանան աշխատում է, թե ոչ և նոր կիրառեն»,-նշեց Իրինա Սահրադովա-Գասպարյանը։

Վերջինս նշեց, որ ծրագրով եզդիական գյուղերն իրար են միացնում, այլ ոչ թե հայկական գյուղերի, ինչը ճիշտ է։ Այսինքն մանր եզդիական գյուղերը կդառնան մեծ եզդիական գյուղ, ինչը նորմալ է, իսկ Դիմիտրով գյուղի նկատմամբ այդ սկզբունքն օգտագործելը սխալ է։