Քանի օրենք է խախտել առողջապահության իրավաբան նախարարը


Քանի օրենք է խախտել առողջապահության իրավաբան նախարարը
Սեպտեմբեր 22 19:55 2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, լինելով իրավաբան, ամենաշատն է հանդես գալիս այնպիսի հրամաններով, որոշումներով և նույնիսկ հանցավոր անգործությամբ, որոնք միանշանակ օրենքի տեսանկյունից կոպիտ խախտումներ են համարվում: Եվ երբ նախարարը վրդովվում է, որ իր նկատմամբ խախտվում է բժշկական գատնիքը և անձնական տվյալները հայտնվում են մամուլի ձեռքում, թերևս պետք է նաև հիշի, թե քանի օրենք է խախտել ինքը՝ իրավաբան լինելով հանդերձ:

Եվ այսպես. Ավանեսյանը փաստացի չի տիրապետում ՀՀ բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքին, հակառակ դեպքում չէր խախտի այն և լուռ չէր համակերպվի կորոնավիրուսի պիկի ընթացքում երեկվա նման լայնամասշտաբ հանրային միջոցառման անցկացման հետ:

 
 

Ավանեսյանը իր հրամաններով և որոշումներով խախտել  է նաև  ՀՀ ԱՕ 3-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, որը Ավանեսյանի՝ պատվաստումը պարտադիր դարձնելու որոշման դեպքում չկա:

Ավանեսյանի՝  20.08.2021 թվականի N-65 հրամանով քաղաքացիների վրա է դրվել հակաիրավական պարտավորություն:

Վերոնշյալ հրամանով խախտվում են ՀՀ սահմանադրության սահմանված համաչափության սկզբունքը (78-րդ հոդված), ինչպես նաև՝ Սահմանադրության 57-րդ հոդվածը (Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները) և ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք էական դրույթներ։

 
Անահիտ Ավանեսյանը վկայակոչում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը, մինչդեռ իր ստորագրած հրամանը հակասում է այդ օրենքի առնվազն 25-րդ հոդվածին, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն:
 
Ինչպես տեսնում ենք, որքան էլ որ տարակուսելի չէ, սակայն Փաշինյանի կաբինետի հենց իրավաբան նախարարն է բոլորից շատ աչքի ընկնում օրենքի հանդեպ իր անհարգալից վերաբերմունքով: