Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղի 6/1 հասցեում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում՝ Volvo մակնիշի կիսակցորդիչով բեռնատարի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արմեն Մուրադյանն էր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս բեռնատարի տակ աշխատանքներ էր կատարում, ինչի ժամանակ անզգուշաբար ինչ-որ իր է ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, իսկ տարածքը «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքն է։
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, սակայն պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ դժբախտ պատահար։
Գյումրիում գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

