Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել ու ստուգել են երեք հայկական բեռնատար


Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել ու ստուգել են երեք հայկական բեռնատար
Սեպտեմբեր 15 12:41 2021

Գորիս-Կապան ճանապարհին երեկ ադրբեջանցիները կանգնեցրել ու ստուգել են նաև երեք հայկական բեռնատար։ Այս մասին Lragir.am-ին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 12-ից ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին կանգնեցնում ու ստուգում են իրանական բեռնատարները, գումար են գանձում վարորդներից։ «Նույն գործողությունները այսօր էլ կատարվում են, անգամ ավելի ինտենսիվ։ Երեկվա դրությամբ արդեն երեք հայկական բեռնատար մեքենա են ստուգել։ Հայկական մեքենաներից գումար չեն պահանջում։ Հայկական բեռնատարները Գորիսից Կապան գնալուց են եղել, ինձ Կապանից տվյալներ ասացին, որ երեք մենքենա ստուգել են»,- նշեց նա։

Քոչարյանը նշեց, որ Սյունիքում իրանական բեռնատարների մեծ հերթեր են գոյացել։ Նա հավելեց, որ տեղյակ չէ՝ ճանապարհին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ բանակցություններ վարվում են, թե ոչ։ Համայանքների ղեկավարներին, նրա խոսքով, այդ մասին չեն տեղեկացնում։ Քոչարյանն ասաց, որ տեղեկություն ունի, որ երեկ նաև Իրանից Հայաստան եկող ավտուբուս են կանգնեցրել ադրբեջանցիները։

Կարո Քոչարյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն իր պահանջներն է ներկայացնում, բայց հայկական կողմը չի հակազդում դրանց։ «Իրենք իրենց պահանջներն են ներկայացնում՝ պնդելով 100 տոկոսով, որ դա իրենց տարածքն է։ Եթե մերոնք չեն հակազդում իրենց ասածներին, ստացվում է այնպես, որ համաձայնվում են, որ դա իրենց տարածքն է»,- նշեց նա։

Կարո Քոչարյանը նաև հավելեց, որ ներկայում «Էյվազլի» ու «Չայազամի» կոչվող տարածքները հայկական տարածքներ են եղել․ «ԽՍՀՄ-ի ժամանակ արդեն կամաց-կամաց չգիտեմ ինչ կարգավիճակներով անցել է հակառակորդին»։