Հայաստանում բանջարեղենի գներն աճել են մոտ 66%-ով. Մարտին Գալստյան


Հայաստանում բանջարեղենի գներն աճել են մոտ 66%-ով. Մարտին Գալստյան
Սեպտեմբեր 14 19:27 2021

Հայաստանում գնաճը պայմանավորված է առաջարկով և վերջին շրջանում նաև սեզոնային ապրանքների գնաճով, մասնավորապես՝ բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատ օգոստոսին աճել են մոտ 66 %-ով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ գնաճի վրա ազդում են նաև երկու կարևոր գործոններ, որոնցից մեկը պահանջարկն է, և 2021թ. տարվա սկզբին մասնավոր սպառումն ավելացել էր 5.9 %-ով, այն դեպքում, երբ համախառն ներքին միջոցների կուտակումը նվազել է 6 %-ով, հետևաբար՝ պահանջարկն առաջանցիկ է արտադրությունների կարողությունների նկատմամբ:

Մարտին Գալստյանը հայտնեց, որ կա նաև ներքին ծառայությունների գների աճ:

«Մենք նպատակադրված փորձում ենք հանրությանը տալ մեսիջ առ այն, որ 2022 թվականին մենք վերադառնալու ենք մեր գնաճի թիրախին, ուստի այս պահին գնաճային սպասումները խարսխելու նպատակ ենք հետապնդում»,- հայտարարեց ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարը:

Նա հայտարարեց, որ կանխատեսում են գնաճի վրա արտաքին գործոնների ազդեցության պահպանում:

Հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհի փակումն ինչքանով կազդի տնտեսության վրա՝ Մարտին Գալստյանը պատասխանեց. «Մենք դիտարկում ենք բազային սցենար և դրա շուրջ որոշակի այլընտրանքային սցենարներ: Բազային սցենարի մեջ որոշակի ռիսկեր կան հաշվարկված, բայց մենք կարծում ենք, որ այդ ռիսկերն էական չեն տնտեսական պրոցեսի խաթարման և տնտեսական գործունեության վտանգման տեսանկյունից»:

Նրա խոսքով՝ ԿԲ-ում մշակվում են նաև ռիսկային սցենարներ, որոնք ներառում են նաև Գորիս-Կապան ճանապարհի փակման դեպքը, բայց բազային սցենարում նման իրավիճակ արտացոլված չէ: