«Նիկոլ, սա է քո իշխանությունը. Հանրայինը դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը, քանի որ քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը». Տիգրան Ներսիսյան


«Նիկոլ, սա է քո իշխանությունը. Հանրայինը դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը, քանի որ քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը». Տիգրան Ներսիսյան
Օգոստոս 21 20:21 2021

Դերասան Տիգրան Ներսիսյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ Հանրային Հեռուստաընկերությունն իր հետ պայմանագիր չի ստորագրում։ ՀՀ վաստակավոր արտիստը վարում էր «Սպասիր ինձ» հաղորդումը։

«նիկոլ, սա է քո իշխանությունը, քո իշխանական համակարգը, քո դեմքը, քո էությունը։ Իմացա, որ Հանրային Հեռուստաընկերությունը պայմանագիր չի կազմում ինձ հետ «Սպասիր ինձ» հաղորդաշարի իմ հետագա գործունեության համար։ Դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը։ Եվ դա միայն այն պատճառով, որ չեմ լռել, արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը, քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը։

Ես բոլոր ժամանակներում, միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին, բայց նրանցից ոչ ոք երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի, նենգ, վախկոտ ու չնչին քայլի։ Այո՛, գուցե չեն սիրել (ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն), բայց իջնել այդքան ոչ ոք իրեն թույլ չի տվել։ Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադատության համար են, ոչ թե աստվածացնելու, մանավանդ մտավորականի կողմից։ Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է ՝ քեզ քծնողը, մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով, նույնիսկ մոռանալով Հայրենիքը։ Դրանցից այստեղ մեզ մոտ դու փաթեթով ունես, բոլոր տարիքային խմբերում` 30-ից-70, նույնիսկ ջահելները չեն խրտնում։ Սփյուռքում էլ ունես անբարոյականներ, որոնք իրենց մեծատաղանդի տեղ են դրել, Հայրենիքը խոպան սարքել և մեզ էլ սովորեցնում են, հեռու-հեռուներից թե ինչպիսին պետք է լինի մեր Երկիրը և ինչպես մենք պետք է ապրենք։ Մեզ մոտ մի քանիսին մոռացա, արդեն ոչ մեծատաղանդ ՝ այլ «հանճար», որոնք ահ ու դողով մտածում են՝ հանկարծ սխալ քայլ չանեն կամ սխալ խոսք չասեն, որպիսի իրենց վերջնական, երազած ճանապարհը դեպի Կոմիտասի պանթեոն ինչ որ կերպ խաթարվի և իրենք հայտվեն այլ քառակուսի մետրում: Այդ իսկ պատճառով խուլ են, կույր և համր:

Իրենք լավ գիտեն, թե ով կարող է իրենց զրկել երազած հանգրվանից։ Հա, դու ինձ հարվածեցիր և ցավ պատճառեցիր, քեզ հաջողվեց (բայց էդպիսի՞ բաներ են քեզ հաջողվել), քանի որ «Սպասիր Ինձ» հաղորդաշարը, որի առաջին իսկ օրվանից աշխատել և եթերում եմ եղել, ինձ համար շատ թանկ էր, սիրելի ու հարազատ։ Ընդհանրապես, եթե թատրոնների շարքում Սունդուկյանն է եղել իմ տունը, իմ օրրանը, ապա Հանրայինն է եղել այն հեռուստաընկերությունը, որ դեռ իմ պատանեկության տարիներից բախտ եմ ունեցել բազմաթիվ նախագծերում, ծրագրերում համագործակցել և ստեղծագործել։

Միամիտ կլիներ մտածել, որ ես չէի սպասում, այն էլ քեզնից ու քո լակոտնյաից, որոնք, նշանակվելով պաշտոնների, ամբողջ քաղաքական դաշտում, նաև Հանրայինում, մեկ նպատակ են հետապնդում ՝ փող աշխատել և կատարել քո կամքը։ Հանրային Հեռուստաընկերությունը միշտ է լինելու, իսկ դու և քո լակոտնյան՝ ոչ։ Եվ համոզված եմ, որ Հանրային Հեռուստաընկերությունը մի օր կվերադառնա այն առաքելությանը, ինչի համար ստեղծված է, այլ ոչ թե կստեղծի այդ առաքելության պատրանքը՝ բավարարելու ինչ որ փոքրիկ մարդու չկայացած երազանքները։

«Սպասիր Ինձ» հաղորդաշարի բոլոր իմ գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում տարիների աշխատանքի, մեր ապրած վարկյանների, ակնթարթների, համագործակցության և ստեղծագործության համար։ Դուք շատ լավն եք։ Ցանկանում եմ բարի եթեր, հաջողություններ և երկար ճանապարհ։ Դուք բարի, նվիրական և կարևոր գործ եք անում։ Դուք օգնում եք մարդկանց։ Շնորհակալ եմ բազմահազար հեռուստադիտողներին, մեր ժողովրդին, իմ հանդիսատեսին, որոնք իմ կողքին են եղել, ինձ հետ և որոնց կարողացել եմ գեթ մեկ վայրկյան գեղեցիկ և նվիրական պահեր պարգևել։ Շնորհակալ եմ։ 

Առայժմ․․․ Կհանդիպենք։

ՀՀ վաստակավոր արտիստ

Տիգրան Ներսիսյան ․

Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն Ալեքսան Հրությունյանին և Գագիկ Բունիաթյանին՝ 2012թ-ին «Սպասիր Ինձ» հաղորդաշարին՝ ինձ համագործակցության հնարավորություն տալու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։



loading...