Չմոռանաք «նավսյակի» մի 34 անգամ «Նիկոլ կապիտուլյանտ» ասել՝ ֆորմի մեջ մնալու համար»․ Զոհրաբյան


Չմոռանաք «նավսյակի» մի 34 անգամ «Նիկոլ կապիտուլյանտ» ասել՝ ֆորմի մեջ մնալու համար»․ Զոհրաբյան
Օգոստոս 17 18:24 2021

Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էս ո՞ւր եք՝ հուժկու հեղափոխականներ եւ նույնքան հուժկու հակահեղափոխականներ
Երբ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ես դահլիճից դուրս հրավիրեցի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին, ի դեպ, թույլ տալով, որ նա իր ելույթն ավարտի ու ընդամենը քաղաքավարի տեղեկացրեցի, որ մեր լսումների օրակարգը երեխաների դատական պաշտպանության խնդիրներն են՝ ողջ «սիվիլ սոսիետեն» հարձակվեց ինձ վրա ու սեփական պերմանենտ բռնաբարությունների մասին Անդերսենի հեքիաթներ հորինող մանրադրամները եվրոպական ողջ կառույցներից պահանջեցին ինձ այրել ու քառատել։

Որովհետեւ, «վիձիտե լի», ես սեքսիստ եմ եւ թույլ չեմ տվել տրանսգենդերին, երեխաների դատական պաշտպանության իրավունքի մասին խորհրդարանական լսումների ընթացքում խոսել սեռի տրանսֆորմացիայի կարեւորության եւ այդ երեւույթի հանդեպ հասարակության հանդուրժողականության մասին։

Ավելին, գրանտով պերմանենտ «բռնաբարված» սեգմենտին միացան նաեւ եվրոպական որոշ կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ, ովքեր ծանր էին տարել, որ ռեգլամենտը ավարտվելուց հետո ես տրանսգենդեր Լիլիթին դահլիճից հրավիրել էի դուրս։

Ես, պարզվեց, որպես սեքսիստ եւ հակաֆեմինիստ, ոտնահարել էի կնոջ իրավունքը։
Եւ ահա մի քանի ժամ առաջ Գորիսի քաղաքապետարանից ձերբակալել են Գորիսի կին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին եւ ինչպես տեղեկացա, եւս երկու կին աշխատակցի։ Ի դեպ, ձերբակալված է նաեւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Ու ես ոչ մի տեղից չեմ լսում կանանց իրավունքների համար գրանտ ստացող եւ տարբեր փաբերում այդ գրանտը գարեջրի տրանսֆորմացնող հասարակական կազմակերպությունների ձայնը։ Չեմ ասում աղմուկը։ Չէ։ Գոնե շրշյունը, որ ձերբակալվել է կին փոխքաղաքապետ։ Ես չեմ լսում նաեւ խորհրդարանական ընդդիմության հուժկու ձայնը, ովքեր ԱԺ պաշտոնները բաժանելու ժամանակ Լեւիտանի էքսպանսիան ու էքսպրեսիան տակնուվրա արեցին։

Էս ո՞ւր եք բոլորդ՝ պարոնայք հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ։

Հա, այսօրվա նիստին հանկարծ չմոռանաք «նավսյակի» մի 34 անգամ «Նիկոլ կապիտուլյանտ» ասել՝ ֆորմի մեջ մնալու համար»։