«Կապիտուլյանտ», «անհայրենիք», «իդիոտկա» բառերը հայհոյանք չեն


«Կապիտուլյանտ», «անհայրենիք», «իդիոտկա» բառերը հայհոյանք չեն
Հուլիս 30 13:42 2021

ՀՀ ԱԺ–ում քննարկվում է հայհոյանքը քրեականացնելու նախագիծը։ Համաձայն նախագծի` հայհոյանքը, անգամ հեռավար պայմաններում (օնլայն), առաջացնում է պատիժ`տուգանքից մինչև կալանք։

«Սահմանադրության հիմքում մարդու արժանապատվությունն է, որին վիրավորում է հայհոյանքը, և այն վտանգավոր է դարձել, և մենք նպատակ ունենք այս նախագծով հայհոյանքը վերացնել հանրային տիրույթում»,–ասաց նախագիծը ներկայացնող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

 
 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարց տվեց` ո՞ր բառերն են համարվելու հայհոյանք, որովհետև, ըստ նրա, Հրաչյա Աճառյանի արմատական բառարանում հայհոյանք բառը նշանակում է սուտ տեղեկատվություն։

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ ճշտեց` արդյոք «կապիտուլյանտ», «անհայրենիք» կամ Լենա Նազարյանի ասած «իդիոտկա» բառերը չեն քրեականացվելու։

Պատասխան հնչեցվեց, որ դրանք հայհոյանքներ չեն։

Նիկոլայ Բաղդասարյանը կրկին ասաց, որ հայհոյանքը տարբերվում է սեռական հայհոյանքից, և պետք է հստակ չափորոշիչներ նշանակել։

Նշենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու, Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Այս փոփոխություններով առաջարկվում է քրեականացնել ծանր վիրավորանքը՝ հայհոյանքը։ Մասնավորապես, մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ առաջարկվում է Քրեական օրենսգրքում ներառել հոդված 137.1-ը։

Այն ձևակերպված է հետևյալ կերպ․ «Ծանր վիրավորանքը

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝ 1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, 2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»:

Հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ նիստում ասաց․«Մենք պետք է վիրավորանքից տարբերակենք հայհոյանքը և ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձի արժանապատվությունը վիրավորելը, հայհոյախոսությունը։ Ոչ մեկի համար բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ հայհոյանքը եղել է, կա և մնալու է պատժելի։ Այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն թողնելու է մենակ այդ հարցում, թե՞ հայհոյանքը և դրա արգելքը սահմանելու է օրենքով։ Խնդիրը շատ ավելի պրոբլեմատիկ է դարձել՝ հաշվի առնելով հեռավար եղանակով հայհոյանք պատճառելու հնարավորությունները։ Հեռավար հայհոյանքը դարձել է շատ ավելի վտանգավոր, որովհետև այն նաև հետագա քրեածին վարքագծի դրսևորման կամ ձևավորման պատճառ է դառնում»,- ասաց նա։

Հոդվածը, որով նախատեսվում է լրացնել Քերական օրենսգիրքը, ըստ Վարդանյանի, բաղկացած է երեք մասից։ «Եվ միայն երրորդ մասով, այսինքն՝ որակյալ հանցակազմի առկայության պարագայում նախատեսվում է որպես ծայրահեղ պատասխանատվության միջոց կալանքը որպես այդպիսին։ Մնացած բոլոր պարագաներում խոսքը վերաբերում է բացառապես տուգանքի միջոցով անձանց պատասխանատվության կանչելուն։ Այս նախագիծը նախ և առաջ նպատակ է հետապնդում ոչ այնքան պատասխանատվության կանչելու այն անձանց, որոնք օգտագործել են հայհոյանքի միջոցով վիրավորանք, այլ կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա։ Եվ մեր հասարակությունից հայհոյանքը՝ որպես արժանապատվությանը առավել ծանր վնաս հասցնող երևույթ, պետք է վերացվեի»,- հավելեց Վարդանյանը։



loading...