2 հազար դրամով վարձակալել՝ կես միլիոնով վերավարձակալության են տվել․ քրեական գործով անցած պաշտոնյան ցանկանում է վերադառնալ պաշտոնի


2 հազար դրամով վարձակալել՝ կես միլիոնով վերավարձակալության են տվել․ քրեական գործով անցած պաշտոնյան ցանկանում է վերադառնալ պաշտոնի
Հուլիս 29 15:19 2021

Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանը հերթական անգամ ցանկանում է վերադառնալ հին պաշտոնին։ Ուշագրավն այն է, որ կադաստրի նախկին պաշտոնյան պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել այնպիսի չարաշահումներ, որոնք դասվում են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների շարքում, խիստ պատիժ են նախատեսում, ընդհուպ մինչև առավելագույնը հինգ տարի ժամկետով զրկում են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածով անցնող պաշտոնյան ընդունել է իր հանցանքը, նրա նկատմամբ որոշում է կայացվել․ քրգործերի վարույթը կարճվել է, սակայն ոչ արդարացնող հիմքով։ Եվ եթե որոշվել է քրեական հետապնդում չիրականացնել նրա նկատմամբ, ապա դա պայմանավորված է քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված վաղեմության ժամկետի ու նրա կողմից հանցանքն ընդունելու հետ։ (Մեր ձեռքի տակ է նրա նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացրած որոշումները):

 
 

Ստացվում է, որ նա արդեն մեղավոր է ճանաչված պետության շահերը վնասելու համար ու դարձյալ հավակնում է պետական բարձր պաշտոնի։

Ուշագրավ է նաև այն, որ հարուցված երկու քրգործերով անցնում է նաև Արայիկ Առաքելյանի կինը, որը ևս ընդունել է իր հանցանքը։

Մասնավորապես նրա ընտանիքը Շիրակի մարզի գյուղական համայնքներից էժան գնով հողատարածքներ է վարձակալել և ավելի թանկ գնով վերավարձակալության հանձնել այլ իրավաբանական անձանց: Առաքելյանի կնոջ՝ Հ. Ալեքսանյանի առնչությամբ քննվում էին երկու քրեական գործեր: Այս տեղեկությունը հաստատել էին հենց  ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Գլխավոր Դատախազությունից մանրամասնել են, որ 2020 թվականի մայիսի 7-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` այն դեպքի առթիվ, որ Շիրակի մարզի Ցողամարգ համայնքի ղեկավարի կողմից 2006թ. օգոստոսի 9-ին համայնքային սեփականություն հանդիսացող 1.0 հեկտար անշարժ գույքի վարձակալության պայմանագիր է կնքվել Հ. Ալեքսանյանի հետ՝ տարեկան 2 հազար 40  ՀՀ դրամ գումար արժեքով, որից  հետո  այդ հողամասի 0.2  հեկտարը  2006թ. օգոստոսի 22-ին նշված վարձակալը ենթավարձակալության պայմանագրով, տարեկան 480.000 ՀՀ դրամով, հանձնել է հեռահաղորդակցության  օպերատոր  ՓԲ ընկերությանը՝ հեռահաղորդակցության կայան տեղադրելու և շահագործելու համար:

Դատախազությունից տեղեկացնում են, որ վարձակալության պայմանագիրը լուծվել է, և ընկերության հետ արդեն Սարապատ խոշորացված համայնքի կողմից կնքել է վարձակալության նոր պայմանագիր:

Ինչ  վերաբերում է մյուս քրգործին, ապա դատախազությունից այս առնչությամբ  հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` այն դեպքի առթիվ, որ ՀՀ  Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի նախկին ղեկավարը 2006թ. նոյեմբերի  6-ին Հ. Ալեքսանյանին  25  տարի  ժամկետով  վարձակալության  իրավունքով  տրամադրել  է  2.75 հա  ընդհանուր  մակերեսով հողատարածք՝ տարեկան 9 հազար 350 ՀՀ դրամ վարձավճարով: Գյուղապետարանի  հետ  վարձակալության  պայմանագիր կնքելուց 10 օր  անց Հ. Ալեքսանյանը նշված տարածքից 200մ2 մակերեսով հողատարածքը ենթավարձակալությամբ  120.000 ՀՀ դրամով հատկացրել  է մեկ այլ  բջջային օպերատորի: Դատախազությունն իր պաշտոնական տեղեկատվության մեջ նշել էր, որ այս ենթավարձակալության պայմանագիրը լուծված չէ:

Նկատենք, որ ըստ այս քրգործի, Ա․ Առաքելյանը Մուսայելյան համայնքի նախկին ղեկավար Օգսեն Հակոբյանին դրդել է պաշտոնական դիրքը չարաշահելու և իր կնոջը՝ Հերմինե Ալեքսանյանին վարձակալությամբ հողատարածք տրամադրելու։

 

Ոշագրավ է, որ  նա, լինելով Աշոցքի կադաստրի պետ, խախտել է Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին օրենքը, որով արգելվում են հարազատների անունով գրանցումները,  և հողատարածքները գրանցել է կնոջ անունով:

Ինչպես է ստացվում, որ նախկինների «թալանի» մասին բարձրաձայնող իշխանությունները հերթական անգամ «կոռուպցիոներին» ցանկանում են բերել պաշտոնի։ Ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների, Առաքելյանը մտերիմ հարաբերությունների մեջ է իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ։ Վերջինս է անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի Առաքելյանը վերադառնա պաշտոնին։

Irakanum.am-ը գրավոր հարցում է ուղարկել կադաստրի կոմիտե՝ պարզելու համար, թե ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման պետի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում մասնակցելու հայտ ներկայացրե՞լ է նախկին պետ Արայիկ Առաքելյանը, որը, ըստ դատախազության 06․07․2021 թվականին տրամադրած պաշտոնական տեղեկատվության, հանցավոր է ճանաչվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ ՀՀ Շիրակի մարզի Ցողամարգ  և Մուսայելյան գյուղերին պատկանող հողատարածքները վարձակալության և ենթավարձակալության հանձնելու դեպքերի առթիվ հարուցված  երկու քրեական գործերով։ Մենք ՀՀ կադաստրի կոմիտեից նաև հետաքրքրվել ենք` եթե նա մասնակցում է մրցույթի, ապա ի՞նչ հիմքով են թույլատրել։

Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Irakanum.am