Նյու Յորքում գործող Serendipity 3 ռեստորանը, կարծես թե, մասնագիտանում է Գինեսի ռեկորդների գրքի հավակնորդ ուտեստների պատրաստման գործում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ռեստորանին են պատկանում ամենաթանկարժեք աղանդերի, ամենաթանկարժեք համբուրգերի, ամենաթանկարժեք հոթդոգի, ամենամեծ հարսանեկան տորթի և ամենամեծ բաժակով տաք շոկոլադի ռեկորդները:
Սակայն այս անգամ ռեստորանի խոհարարն աչքի է ընկել ամենաթանկարժեք սենդվիչի պատրաստմամբ, որի բաղադրիչներչն են ապխտած պանիրն ու շամպայնով համեմված հացի կտորները:
214 դոլար արժողությամբ սենդվիչի պատրաստման համար հացի կտորները պատվում են Dom Perignon տեսակի շամպայնով, ուտելի ոսկյա փաթիլներով, սպիտակ տրյուֆել տեսակի սնկից պատրաստված կարագով: Իսկ հացի կտորների միջև տեղադրվում է կաչոկավալլո տեսակի իտալական պանիրը:
Ռեկորդակիր սենդվիչը մատուցվում է մեկ բաժակ հարավաֆրիկյան սոուսով: Այն աշխարհի ամենաթանկարժեք սենդվիչն է, որը հասանելի է շուկայում: