Այս ամենը տեղի է ունենում նաև հայ մտավորականության և վերնախավի ստվար հատվածի անտարբերության ու լռության պատճառով. Արա Աբրահամյան


Այս ամենը տեղի է ունենում նաև հայ մտավորականության և վերնախավի ստվար հատվածի անտարբերության ու լռության պատճառով. Արա Աբրահամյան
Հունիս 17 19:20 2021
Ու՞ր եք, աշխարհի հայ ականավոր գործիչներ և գործարարներ:
Ձեր լռությամբ դուք նպաստում եք մի իշխանության վերարտադրմանը, որը վաղուց այլասերված ու կազմալուծված է, բայց, չնայած դրան, երկրում դեռ քաղաքական օրակարգի թելադրողն է:
Հայաստանում սոցիալական երկվածությունը հասել է իր գագաթնակետին: Երկրում ստեղծված իրավիճակը կործանման է մղում հայ հասարակությանը։
Մարդիկ շփոթության մեջ են։ Բարոյական փարոսների և չափորոշիչների բացակայության պարագայում նրանք դարձյալ կարող են դառնալ գործիք դեմագոգների և դավաճանների ձեռքին, որոնք մուրճով, թե մանգաղով անհարկի շոուներ են իրականացնում՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը շեղել կուտակված ներքին խնդիրներից, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներից։
Երեսուն տարի շարունակ երկրի՝ պետության շահն անձնական, նեղ թիմային հավակնություններից չտարանջատելով կառավարումը, մեր կործանարար լռության ֆոնի վրա, երկիրը հասցրեց այս սարսափելի իրավիճակին։
Այս ամենը տեղի է ունենում նաև այսօրվա հայ մտավորականության և վերնախավի ստվար հատվածի, այսպես ասած, ինքնաբացարկի, անտարբերության ու լռության պատճառով, որոնք դեռ սխալմամբ հավատում են, թե Փաշինյանի մուրճը թռչելիս իրենց կողքով է անցնելու: Դա բնավ այդպես չի լինի․ այսօր վճռվում է յուրաքանչյուր հայի կյանքն ու ճակատագիրը:
Ինչպես երեք տարի առաջ, այնպես էլ հիմա մենք տեսնում ենք հանրության միամտությունը շահարկելով ամեն գնով իշխանության հասնելու ձգտում։
Դիմում եմ նրանց, ովքեր 2018 թ-ին թերահավատորեն վերաբերվեցին Փաշինյանի հետ Հայաստան եկած վտանգի մասին մեր նախազգուշացումներին։ Նրանք հետագայում համոզվեցին մեր գնահատականների ու կանխատեսումների ճշմարտության մեջ: Իրավիճակն այսօր շատ ավելի օրհասական է:
Մի՛ լռեք: Բացեիբաց, այլ ոչ թե անանուն տելեգրամային ալիքներով և այլ սոցիալական հարթակներում արտահայտեք ձեր դիրքորոշումը:
Եկեք Հայաստան կամ օգտագործեք ձեր ունեցած բոլոր կապերն ու հնարավորություններն՝ այս պատմական, ճակատագրական պահին կանգնելու ձեր հարազատների, բարեկամների կողքին, օգնեք նրանց առանց վախի և անվարան կատարել իրենց ճիշտ ընտրությունը, բացատրեք, թե որքան կարևոր է յուրաքանչյուր հայրենասեր հայի ձայնը այս ընտրական գործընթացում։