Զելենսկին ուզում է Բայդենից հստակ «այո» կամ «ոչ» ստանալ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին


Զելենսկին ուզում է Բայդենից հստակ «այո» կամ «ոչ» ստանալ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին
Հունիս 14 22:39 2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հստակ «այո» կամ «ոչ» ստանալ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենից՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պլանի տրամադրման առնչությամբ։

Reuters-ին, Associated Press-ին եւ Agence France-Press-ին տված համատեղ հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, թե հավաստիացումներ է ստացել այն մասին, որ Բայդենը չի օգտագործի Ուկրաինան որպես սակարկության գործիք այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Նա ԱՄՆ-ին կոչ է արել տնտեսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, իսկ Բայդենին ու Արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել հասկանալ Ուկրաինայի խնդիրները` նախքան իր նախագահությանը «անարդար» բարեփոխումների պահանջներ ներկայացնելը:

Նախորդ շաբաթ Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել: Զելենսկուն հանձնվել է հաջորդ շաբաթ Սպիտակ տուն այցելելու երկար սպասված հրավերը, թեեւ նա ասել է, որ զղջում է, որ չի կարողացել անձամբ հանդիպել Բայդենի հետ նախքան այս շաբաթ Պուտինի հետ հանդիպելը: «Նա (Բայդենն) ասաց. «Ես երբեք չեմ սակարկի Ուկրաինայի շահերը»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ Ուկրաինան արել է ամեն ինչ, որպեսզի ձեռք բերի ՆԱՏՕ-ին անդամակցության ծրագիրը: «Մենք ամեն օր ապացուցում ենք, որ դաշինքին ավելի պատրաստ ենք, քան ԵՄ երկրների մեծ մասը»,- ասել է նա: