Հանրային Հ/Ը-ն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, դաշինքների ներկայացրած հոլովակները․ հայտարարություն


Հանրային Հ/Ը-ն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, դաշինքների ներկայացրած հոլովակները․ հայտարարություն
Հունիս 14 22:02 2021

Հանրային Հ/Ը ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, դաշինքների ներկայացրած հոլովակները՝ չուսումնասիրելով դրանցում առկա հնարավոր իրավական ռիսկերը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, հայտարարությամբ է հանդես եկել Հանրային հեռուստաընկերությունը։

«Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության շրջանակում մինչ այս պահն առաջնորդվել է երրորդ կողմի իրավունքների առերեւույթ խախտումը կանխելու սկզբունքով եւ օրենսդրական վիճելի կարգավորումների պայմաններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հետ համագործակցությամբ ձեռնպահ է մնացել իրավական տեսանկյունից խնդրահարույց դրվագների ցուցադրությունից: Հանրայինը նախօրեին դիմել էր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խորհրդատվական կարծիքի համար՝ նման դեպքերում հստակ եւ համապարփակ իրավական մոտեցում ցուցաբերելու նպատակով: Առաջին ալիքը, ուսումնասիրելով շահագրգիռ կառույցների կողմից ստացված պատասխանները, եզրակացրել է, որ կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզչության բովանդակության գնահատումը, չունենալով օրենքով հստակ սահմանված չափորոշիչներ եւ սահմաններ, պարունակում է սուբյեկտիվության ռիսկեր:

Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերի կողմից տրամադրվող հոլովակների բովանդակության համար: Հանրայինն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվող հոլովակները՝ չուսումնասիրելով դրանցում առկա հնարավոր իրավական ռիսկերը: Այնուամենայնիվ, Առաջին ալիքը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ ատելության խոսքից՝ մաքուր պահելով Հանրայինի եթերը:

Հանրային հեռուստաընկերությունը շնորհակալություն է հայտնում խորհրդատվական կարծիք տրամադրած կառույցներին»,- նշվում է հայտարարության մեջ։



loading...