Մյուս ուժերը հինգ քարոզչական օրերի ընթացքում չեն կարող մոտենալ անցողիկ շեմին. քաղաքագետ


Մյուս ուժերը հինգ քարոզչական օրերի ընթացքում չեն կարող մոտենալ անցողիկ շեմին. քաղաքագետ
Հունիս 14 18:50 2021

Բացի հինգ առաջատարներից՝ մյուս ուժերը մնացյալ հինգ քարոզչական օրերի ընթացքում չեն կարող մոտենալ անցողիկ շեմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Կարեն Սարգսյանը։

«Վերջին շրջանում հրապարակվում են տարբեր սոցիոլոգիական հարցումներ, որոնք անկախ տոկոսային տարբեր հարաբերակցություններից՝ ցույց են տալիս, որ խորհրդարան անցնելու շանս ունի հինգ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Հայաստան» դաշինքը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան»-ը։

Իհարկե, չկողմնորոշված քաղաքացիների թիվը դեռևս մեծ է, և դժվար է ասել, թե որ ուժը ինչպիսի հարաբերակցությամբ ներկայացված կլինի, սակայն ակնհայտ է, որ մյուս ուժերը մնացյալ հինգ քարոզչական օրերի ընթացքում չեն կարող մոտենալ անցողիկ շեմին։ Ակնհայտ է, որ ՔՊԿ-ն և «Հայաստան» դաշինքը հասցրել են կողմնորոշել իրենց ընտրողներին, իսկ «Պատիվ ունեմ»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը շարունակում են մոբիլիզացնել շտաբային ռեսուրսները։ Իրավիճակը այլ է «Լուսավոր Հայաստան»-ի պարագայում. վերջիններս ներկայանում են այլընտրանքի դիրքերից, իսկ այլընտրանքային քվեների համար պայքարում են մեծ թվով ուժեր։ Այդուհանդերձ, այլընտրանքի դիրքերից հանդես եկող ուժերը հիմնականում նոր են գրանցված և մնացած հինգ օրերի ընթացքում չեն կարող իրենց ուղերձը հասցնել հասարակությանը։ Ինչպես հայտնի է, գործող ընտրական օրենսգրքով փոշիացած ձայների մեծ մասը գումարվում են խորհրդարան անցած առաջին և երկրորդ ուժերին, ուստի այլընտրանքային քվեների փոշիացման վտանգը մեծ է, և քաղաքացիները պետք է զգուշավորությամբ բաշխեն իրենց քվեները և տան այն ուժին, որը իրական շանսեր ունի ընտրական շեմը հաղթահարելու։ Սա նշանակում է, որ նախկին և ներկա իշխանություններից զատ խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորություն ունի միայն «Լուսավոր Հայաստանը», ինչը, սակայն, պահանջում է այլընտրանք փնտրող քաղաքացիների կոնսոլիդացիան այս ուղղությամբ»,– ասաց քաղաքագետը։



loading...