Ադրբեջանը պատերազմն սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին


Ադրբեջանը պատերազմն սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին
Հունիս 14 18:02 2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանը պատերազմը սկսել է հենց 2020-ի սեպտեմբերին՝ հասկանալով, որ, եթե սպասի, ամեն հաջորդ տարի Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու, քան նախորդ տարիներին: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց քարոզարշավի շրջանում Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Անվտանգությունը երկրի ամենակարևոր օրակարգն է, սակայն մենք անվտանգություն ասելով հայացքները միշտ հառնում ենք դեպի սահման, սակայն անվտանգությունը սահմանին կանգնած զինվորով ոչ թե սկսվում է, այլ ավարտվում է: Անվտանգությունը սկսվում է ամենափոքր կրպակից. մեզնից ամեն մեկը առևտուր անելիք ՀԴՄ վերցնո՞ւմ է, թե ոչ, աշխատողը կտրոն տալիս է, թե ոչ»,-ասաց Փաշինյանը:

 
 

Թե ինչ կապ ունի ՀԴՄ կտրոնը սահմանի զինվորի հետ՝ նա պարզաբանեց՝ կապն ուղղակի է: «Որովհետև անվտանգությունն առաջին հերթին բյուջետային ծախս է: Որքան մեծ են վճարվող հարկերը, այնքան մեծ է բյուջեն, որքան մեծ է բյուջեն, այնքան ավելի մեծ հնարավորություններ կան ԶՈՒ-ում փոփոխություններ մտցնելու»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ 2018-2019-ին հենց այդ տրամաբանությամբ ռազմական ծախսերն ավելացրել են 48 տոկոսով, իսկ պետբյուջեի եկամուտները՝ 1 մլրդ դոլարով: «Գործարարներին ասել ենք ՝հարկ վճարեք պետբյուջե, որ կառավարությունը գործելու, խնդիրներ լուծելու հնարավորություն ունենա: Եվ մենք չենք հասցրել այդ գործն ավարտին հասցնել, որովհետև Ադրբեջանն իր համար ֆիքսել է, որ եթե 7 կամ 10 տարի առաջ ինքը կարող էր սպասել՝ ակնհայտ տեսնելով, որ 5 տարի հետո իր համար պատերազմը շատ ավելի հեշտ է լինելու, ապա 2020-ի սեպտեմբերին հասկացել է՝ եթե սպասի, ամեն հաջորդ տարի Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու, քան նախորդ տարիներին»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց՝ 2019-ին ՀՀ-ն եվրասիական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճն է ապահովել, պետբյուջեի եկամուտներն ավելացել են:  2019-ին Հայաստանը ձեռք է բերել 2011- 2020 թվականներին ՀՀ-ի ձեռք բերած սպառազինության 62 տոկոսը: Փաշինյանը շեշտեց, որ 2018-2020 թվականներին 10 տարվա սպառազինության ձեռքբերումների 75 տոկոսն է տեղի ունեցել, դրանից հետո վրա է հասել կորոնավիրուսը:

«Նրանք հասկացել են, որ դա է պատերազմի ամենաճշգրիտ ժամանակաշրջանը, որովհետև հասկացել են՝ եթե էլի սպասեն, ամեն հաջորդ տարի Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու, քան նախորդ տարիներին: Սա է եղել պատերազմի պատճառը, նրանք տեսել են, որ 1998 թվականից մինչև 2018 թվականը մեր երկրի հանրային դիմակայության անկում է տեղի ունենում»,-ասաց Փաշինյանը:

Նա ներկայացրեց ՀՀ նախորդ ղեկավարների օրոք ձեռք բերված զենք-զինամթերքների ծավալները՝ հավելելով, որ իր վարչապետության օրոք ձեռք բերված զենք-զինամթերքը կրկնակի ավելի է, քան Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձեռքբերվածը և 1 մլն դոլարով ավելի,  քան Սերժ Սարգսյանի 10 տարվա կառավարման ընթացքում ձեռքբերվածը:



loading...