Ադրբեջանցիները գիշերը լույսը միացնում են եկող հայկական ավտոմեքենաների վրա, որ վարորդին խանգարեն երթևեկել. ահազանգ Սյունիքից


Ադրբեջանցիները գիշերը լույսը միացնում են եկող հայկական ավտոմեքենաների վրա, որ վարորդին խանգարեն երթևեկել. ահազանգ Սյունիքից
Հունիս 14 17:32 2021

ՄԻՊ գրասենjակն այսօր հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սյունիքի մարզոuմ ադրբեջանցի զինվորականները, պատրվակ բռնելով տեղադրված ադրբեջանական ցուցանակները, զենքերով հայտնվում են այդ ցուցանակների մոտ և բացահայտ զենքի ցուցադրությամբ փորձում ահ տարածել ՀՀ քաղաքացիների ու տեղի բնակիչների նկատմամբ։

 

Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Ահազանգեր են ստացվում այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն օգտագործվում են որպես պատրվակ` ադրբեջանական զինծառայողներ տեղակայելու համար: Այս արարքների պատճառով խաթարվել է մարդկանց ողջ ազատ տեղաշարժը»։

ArmDaily.am-ի հետ զրույցում Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ նոր թաղամասի կառուցման աշխատանքները ակտիվ առաջ են գնում։ «Ընդհանուր առմամբ Շուռնուխում նորմալ է, նոր կառուցվող թաղամասի աշխատանքները շարունակվում են։ Այսօր խմելու ջուրն ապահովելու համար ջրագծի աշխատանքն է տարվում։

Այդ 13 նոր տները, որ կառուցվում է այդտեղ արդեն եղած ակունքի ջուրը պակասություն է անելու, դրա համար խմելու ջրով է ապահովում»,-ասաց Արշակյանը։ 

Վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ համայնքում խաղաղ է, սակայն ադրբեջանցիները փորձում են ֆիզիկական ներկայություն ապահովել ադրբեջանական ցուցանակների մոտ։

Նա նշեց, որ Գորիսի ավտոճանապարհին տեղադրված ցուցանակը հայերից մեկը տապալել էր, իրենք, իմանալով այդ մասին, արագ ուղղել են ՝ մտավախություն ունենալով, որ ադրբեջանցիները դրանից հետո ավելի մեծը կտեղադրեն. «Իրենք այդպիսի բնավորություն ունեն՝ դուք արեցիք՝ մենք էլ էս կանենք, ու մի երկու զինվոր էլ կդնեն պարտադիր կողքը կանգնացնեին։ Աշխատում ենք նման բաներից հեռու պահենք։ Ամեն դեպքում մերը քաղաքացիական ժողովուրդ են, իրենցը զինվորականներ են։ Մենք պիտի ավելի զգոն ու ավելի զգույշ լինենք»։

Նա նշեց, որ Շուռնուխի հատվածում ադրբեջանցի զինվորականները իրենց նորմալ են պահում, սակայն Որոտանում, որն ավելի մեծ բնակավայր է, բայց անտեղ իրենց ավելի սանձարձակ կարող են պահել։ «Ամիսուկես առաջ ինձ հետ երկու անգամ եղել է, որ գիշերը գալու ժամանակ լուսարձակ են միացնում՝ դիմացից եկող մեքենայի վրա, իրենք իրենց դիրքի կողմից լույս են միացնում։ Առաջին անգամ մի ամիս ու կես առաջ այդ լույսը միացրեցին, կանգնեցի մի քիչ, խոսեցի, ջղայնացա, ռուսները խառնվեցին։ Երկրորդ անգամն էլ երևի տասը օր առաջ էլի նույն ձևի արեցին, որ վարորդը կորցնի մեքենան վարելու հնարավորությունը։

Հաստատ մյուս ճամփորդների հետ էլ նույնը արած կլինեն՝ ինձ հետ երկու անգամ եղել է։ Դա եղել է Որոտանի պոստը որ կա, որտեղ ռուսներն ու ադրբեջանցիները միասին են՝ հենց այդ հատվածում»,-ասաց Հակոբ Արշակյան։