Իշխանություններին ու Սյունիքի մարզպետին քննադատելու համար Մանախն ու նրա գործընկերները ենթարկվում են հետապնդման, սա ունի քաղաքական ենթատեքստ. Փաստաբան


Իշխանություններին ու Սյունիքի մարզպետին քննադատելու համար Մանախն ու նրա գործընկերները ենթարկվում են հետապնդման, սա ունի քաղաքական ենթատեքստ. Փաստաբան
Մայիս 15 20:35 2021

Սյունիքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո Արթուր Այվազյանին (Եպիսկոպոսյան)՝ Մանախին, ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զաքարյանը՝ հավելելով, որ բողոքը մակագրվել է դատավոր Բորիս Բախշիյանին։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ փակել Հայաստան-Արցախ ճանապարհը։ Ազատամարտիկները պահանջել են, որ իրենց վերադարձնել իրենցից հավաքված զենքերը՝ Սյունիքի սահմանը պաշտպանելու համար, բացի այդ՝ զինել սյունեցիներին։ Ակցիաների ընթացքում 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ Արթուր Այվազյանը՝ ձերբակալվել՝ խուլիգանության կասկածանքով։

Ձերբակալության արձանագրության համաձայն՝ նախաքննական մարմինը հակաիրավական է գնահատել բողոքի ակցիան՝ նշելով, թե ժամը 15։30-ի սահմաններում հասարակական վայր հանդիսացող Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով համայնքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, շուրջ 20 րոպե փակել են ավտոճանապարհը՝ կաթվածահար անելով երթևեկությունը, որի ընթացքում քաշքշել են իրենց «հակաիրավական գործողությունները կանխող» անձանց։

Ձերբակալության որպես հիմք, ինչպես տեղեկացրեց փաստաբան Արա Զաքարյանը, քննիչը նշել է, թե Ա.Այվազյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է դիմել փախուստի։ Փաստաբանի խոսքով՝ հիմնավոր կասկածը, որ Արթուր Այվազյանը կարող է խուլիգանական գործողություններ կատարել, առնվազն իրավաբանի համար ծիծաղ կառաջացնի, որովհետև այն, ինչ գրված է՝ անհեթեթություն է, իսկ եթե այդպիսի գործողությունները դիտվում են որպես խուլիգանական, ապա առաջին հերթին պետք է քրեական գործ հարուցվեր թավշյա հեղափոխությանը մասնակցող բազմաթիվ անձանց նկատմամբ, որոնք բազմաթիվ մայրուղիներ էին փակել, փողոցներ էին փակել, ճանապարհներ էին փակել, ավելին՝ Բաղրամյան պողոտան շուրջ մեկ ամիս և ավելին փակ վիճակում էր։

Փաստաբանի խոսքով՝ Արթուր Այվազյանի կողմից ակցիան իրականացնելու նպատակը կայանում էր նրանում, որ լույս մայիսի 12-ի գիշերը թշնամին առանց որևէ դիմադրության ներխուժել է ՀՀ տարածք, դիրքավորվել այնտեղ, որտեղ ինքն էր համարում, որ պետք է դիրքավորվի՝ առանց որևէ խոչընդոտ ունենալու՝ համարելով, որ այդ տարածքը հանդիսանում է Ադրբեջանի պատմական տարածքը և որևէ երաշխիք չկար, որ վաղը չի համարի, որ օրինակ՝ Գորիսը կամ մեկ այլ բնակավայր ևս պատմական ադրբեջանական տարածք է, հետևաբար՝ պետք է մտնեն և այդ տարածքը ևս գրավեն։ Նրա խոսքով՝ եթե նման բան ցանկանան անել, ևս որևէ դիմադրություն չեն ստանա, որովհետև այս իշխանության գործողություններից երևում է, որ հրահանգավորել է բանակին՝ որևէ դիմադրություն ցույց չտալ, ուժ չկիրառել, զենք չկիրառել, այսինքն՝ ադրբեջանցին մեր տարածքում ինչ ուզի, կարող է ազատ անել։
«Այս պայմաններում Արթուր Այվազյանի և իր ջոկատի անդամները, այլ տարբերակ չունենալով, փորձեցին ակցիայի միջոցով հասարակության և այս իշխանության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանցիները, ներխուժելով Հայաստանի տարածք, գտնվում են մեր գյուղերի մոտակայքում և եթե ցանկանան, այդ գյուղերն էլ կարող են հանգիստ գրավել, իսկ այդ գյուղացին, ժողովուրդն անպաշտպան են, վերջիններիս պետք է պաշտպանեն, այդ պատճառով խնդրել են, որ զինեն իրենց և իրենց նմաններին, որ վերջիններիս կարողանան պաշտպանել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ակցիայի ընթացքում հայտնվել են անձինք, որոնք կուրորեն հավատում են այս իշխանությանը և այս իշխանությունների հասցեին հնչող յուրաքանչյուր քննադատություն ընդունում են որպես անձնական վիրավորանք։

«Վերջիններս իրենց սադրիչ գործողություններով քաշքշուքի մեջ են մտել՝ փորձելով դրանով լռեցնել Արթուր Այվազյանին, այսինքն՝ խոչընդոտել կարծիք հայտնելու իրավունքի իրականացմանը; Այս պայմաններում վարույթ իրականացնող մարմինը նրանց գործողություններն ի սկզբանե համարում է իրավաչափ, Արթուր Այվազյանի և նրա ջոկատի անդամների գործողություններ՝ անօրինական »,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Մանախի կողմից ենթադրյալ փախուստի դիմելու ռիսկին, փաստաբանն արձագանքեց. «նման բան գրողն իր գրածին գոնե հավատո՞ւմ է, կան մարդիկ, որոնց համար փախչել հասկացողությունն անձնական վիրավորանք է, անընդունելի է»։

«Արթուր Այվազյանը մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների, այդ թվում՝ այս պատերազմին, հատուկ միջոցառումներ է իրականացրել, ոչ մի անգամ չի փախչել՝ կանգնելով մահվան շեմի առջև, բայց այդուհանդերձ, մեր վարույթ իրականացնող մարմինը կարծում է, որ Արթուր Այվազյանը կարող է փախչել։ Սա ուղղակի զավեշտ է»,- նշեց Զաքարյանը։
Նրա խոսքով՝ Արթուր Այվազյանին և իր ջոկատի անդամներին ոստիկանության բաժանմունք տանելուց հետո 5 ժամից ավել պահել են՝ առանց որևէ գործողություն կատարելու, որևէ արձանագրություն կազմելու, ինչն ուղղակիորեն օրենքի պահանջի խախտում է, ավելին՝ մինչև հիմա Արթուր Այվազյանի և մյուսների մասնակցությամբ որևէ քննչական և դատավարական գործողություններ չեն կատարվել։ Փաստաբանի դիտարկմամբ՝ ձերբակալման իմաստը նրանում է, որ անհապաղ անձին բերման ենթարկելու պահից սկսած գործողություններ կատարվեն, այդ թվում՝ այդ մարդկանց լսեն, մյուս կողմին լսեն, անհրաժեշտության դեպքում՝ առերեսումներ կատարեն, բայց ոչ մի գործողություն մինչ այս պահը չի իրականացվել։

Փաստաբանն ընդգծեց, որ քրեական գործը քաղաքական է, Արթուր Այվազյանի քաղաքական հայացքների համար նրա և նրա գործընկերների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում այն պարզ պատճառով, որ Այվազյանն այս իշխանության, այդ թվում՝ մարզպետի գործողությունները, ավելի ճիշտ՝ անգործությունը ենթարկել է խիստ քննադատության։ Զաքարյանը հայտնեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ սադրիչները մարզպետի ազգականներն ու ընկերներն են, ավելին՝ գործը քննվում է Սյունիքի մարզի ՔԿ-ում, որի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազությունում է աշխատում մարզպետի որդին։

«Արդյոք այս պայմաններում կարելի է ողջամտորեն ակնկալել, որ այս մարմինը քաղաքական պատվեր չի կատարում և փորձում է քննությամբ ճշմարտությունը բացահայտել։ Առողջ դատողությունը հուշում է, որ, եթե այդպիսի ցանկություն լիներ, բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները հրատապ՝ մեր պաշտպանյալների մասով կիրականացվեր և դրանից ելնելով համապատասխան քայլեր կձեռնարկվեր, սակայն այն, որ ոչինչ չեն անում, ավելի է ամրապնդվում դիրքորոշումը, որ Արթուր Այվազյանին զրկել են ազատությունից՝ լռեցնելու համար։ Իմ խորին համոզմամբ՝ մեր իշխանություններն Արթուր Այվազյանի նկատմամբ անում են և արեցին այն, ինչ երազում էր թշնամին, բայց չկարողացավ անել »,- նշեց փաստաբանը։

Զաքարյանը հաստատեց նաև տեղեկություններն առ այն, որ Այվազյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան