Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և հայ իրավապաշտպանների աշխատանքը լուսաբանում են միջազգային կառույցներն ու լրատվամիջոցները


Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և հայ իրավապաշտպանների աշխատանքը լուսաբանում են միջազգային կառույցներն ու լրատվամիջոցները
Ապրիլ 19 18:27 2021

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական գերության մեջ հայտնվեցին ինչպես հայ զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Վերջիններս հիմնականում չէին հասցրել կամ հրաժարվել էին լքել իրենց բնակավայրերը թշնամու ներխուժումից առաջ: Թեև քաղաքացիական անձանց շարքում գերակշռում էին հիմնականում տարեց անձինք, ովքեր չէին կարող մասնակից լինել ռազմական գործողություններին, սակայն ադրբեջանցի զինվորականների համար դա էական նշանակություն չի ունեցել, և այդ անձինք ենթարկվել են խոշտանգումների` որպես ռազմական հանցագործներ:

Գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց խոշտանգումների բազմաթիվ տեսանյութեր դեռևս պատերազմի օրերին հայտնվում էին սոցիալական տարբեր հարթակներում` գրավելով ինչպես հանրության, այնպես էլ լրատվամիջոցների ուշադրությունը:

Գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, մի քանի իրավապաշտպաններ, գործում է նաև գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը:


Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, ով նաև «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիրներից է, և Արտակ Զեյնալյանը նախապատրաստել և Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել ազգությամբ հայ զինվորականների և քաղաքացիական անձանց իրավունքների կոպիտ ոտնահարումների վերաբերյալ բազմաթիվ հայցեր, ինչպես նաև այդ առնչությամբ համագործակցել և շարունակում են համագործակցել տարաբնույթ կառույցների հետ:

Թեև, ըստ իրավապաշտպանների, հնարավոր չէ գերիների քանակի վերաբերյալ հստակ թիվ նշել, սակայն իրավապաշտպանների ուժերով ձեռք բերված անհերքելի ապացուցողական բազա ունեցող դեպքերը (լուսանկար, տեսանյութ, ականատես ևն) թույլ են տալիս հաստատելու, որ գերիների թիվն անհամեմատալի շատ է: Անհերքելի ապացույցների հիման վրա իրավապաշտպաններին հաջողվել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների նոր հաստատումներ ունենալ: Ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի` այժմ պաշտոնականացված դեպքերը գերազանցում են 70-ը, այն դեպքում, որ ս/թ հունվարին դրանք 20-ն էին:

Իրավապաշտպաններն ու ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակը բազմիցս նամակներ են հղել Եվրոպական դատարանին և ապացույցներ ներկայացրել Ադրբեջանի կողմից անհապաղ միջոց կիրառելու որոշումները լիարժեք չկատարելու վերաբերյալ:

Հայ գերիների և զոհերի պատմություններին և հայ իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի նախաձեռնած և կատարած աշխատանքին անդրադարձել են համաշխարհային ճանաչում և համբավ ունեցող «The Washington Post», «The Guardian», «The Wall Street Journal», «RT France», «L’Orient-Le Jour», «Valeurs Actuelles», «News Front» և այլ հեղինակավոր լրատվամիջոցներ:

«The Washington Post»-ն անդրադառնում է 2020 թվականի արցախյան պատերազմի ռազմական հանցագործություններին, ադրբեջանցիների կողմից խոշտանգված և սպանված խաղաղ բնակիչների` Գենադի Պետրոսյանի և Յուրի Ասրյանի տեսանյութերին:

https://www.washingtonpost.com/world/armenia-nagornokarabakh-war-crimes/2020/12/24/f8b28900-4165-11eb-b58b-1623f6267960_story.html 

«The Guardian»-ը նույնպես ներկայացնում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, լուսաբանում հայ իրավապաշտպանների աշխատանքի արդյունքում նույնականացված անձանց պատմությունները: Պարբերականին տրված հարցազրույցում Սահակյանը նշում է.  «Զգացմունքային առումով դժվար է դիտել տեսանյութերը: Սակայն մասնագիտական տեսանկյունից դրանք կարող են շատ օգտակար վկայություններ լինել»,- հավելելով, որ իրենք պետք է ուշադիր զննեն տեսանյութերը` համոզվելու համար, որ դրանք չեն կեղծվել:

«The Wall Street Journal»-ն անդրադառնում է պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների ծնողների որոնումներին, Հայաստանի և Ադրբեջանի կողմից գերիների փոխանակման, ինչպես նաև Ադրբեջանում դեռևս պահվող և ռազմական հանցագործներ որակված հայ գերիների հարցերին: Հեղինակավոր պարբերականը մեջբերում է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի տեսակետն այդ խնդրի վերաբերյալ. «Հարցը քաղաքականացվում է»,- ասում ՄԻԵԴ-ում  ավելի քան 100 հայ ռազմագերիների ընտանիքներ ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը` հավելելով. «Մարդասիրական հարցը փոխկապակցված է քաղաքական օրակարգի հարցի հետ, որն անընդունելի է: Մենք նաև գիտենք, որ ռազմագերիների հայրենադարձության անհիմն ձգձգումները ռազմական հանցագործություններ են»:

https://www.wsj.com/articles/in-armenia-families-hunt-for-signs-of-missing-sons-after-last-years-war-with-azerbaijan-11615034331?fbclid=IwAR0Bm6FboXuvuNBMpel4QHp30Jw0Bb5bf-FnMKAri13yadSRyQR3mTKmojU 

«RT France»-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ ցուցադրող մի քանի հարյուր տեսանյութեր են հեռարձակվել սոցիալական հարթակներում: «The Guardian»-ը և «Amnesty International»-ը հաստատել և վերլուծել են դրանցից մի քանիսը: «RT France»-ը, մասնավորապես, անդրադառնում է Արցախի Մադաթաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Գենադի Պետրոսյանի և 82-ամյա Յուրի Ասրյանի սպանություններին ադրբեջանական զինուժի կողմից:

https://francais.rt.com/international/81817-amnesty-epingle-crimes-guerre-durant-conflit-haut-karabagh 

Հեղինակավոր «Valeurs Actuelles»-ի կողմից հրապարակված «Լեռնային Ղարաբաղ. գլխատման տեսանյութերը բացահայտում են մարդկայնության բացակայությունն ադրբեջանական ուժերում» հոդվածը նույնպես պատմում է ադրբեջանական վայրագությունների մասին:

https://www.valeursactuelles.com/societe/haut-karabagh-des-videos-de-decapitations-revelent-le-manque-dhumanite-des-forces-azerbaidjanaises/ 

Դաժանությունները, խոշտանգումներն ու սպանությունները բացահայտող հարյուրավոր տեսանյութերից երկուսում, որոնցից մի քանիսը հեռարձակվել են Ռուսաստանի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի կնքումից հետո, ցուցադրվում է երկու հայ խաղաղ բնակիչների գլխատում: Այս երկու տեսանյութերում «The Guardian»-ը կարողացավ բացահայտել զոհերին՝ շնորհիվ այն գյուղերի բնակիչների վկայությունների, որտեղ կատարվել են հանցագործությունները, ինչպես նաև հաստատվեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի և երկու հայ իրավապաշտպանների` Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի զեկույցներով:

https://fr.news-front.info/2020/12/19/amnesty-epingle-des-crimes-de-guerre-durant-le-conflit-au-haut-karabagh/ 

Աղբյուր` Փաստինֆո