Մինչ Բորիս Ավագյանը ՀՀ ԱԺ-ում խոսում էր գերիների հայրենադարձությանը խոչընդոտող խնդիրների մասին՝ Արցախում նրան ազատել են պաշտոնից


Մինչ Բորիս Ավագյանը ՀՀ ԱԺ-ում խոսում էր գերիների հայրենադարձությանը խոչընդոտող խնդիրների մասին՝ Արցախում նրան ազատել են պաշտոնից
Ապրիլ 19 16:47 2021

Բորիս Ավագյանին զրկել են Արցախի Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի պարտականությունների կատարումից։ ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց. «Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել»։

ԱՀ նախագահի խոսնակը հատնել է, որ դեռևս մարտ ամսին Բորիս Ավագյանն ազատվել է նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հասարակական հիմունքներով պաշտոնից, և նույնիսկ այդ կարգավիճակում նա լիազորված չէր ԱՀ նախագահի անունից խոսելու: «Փաստինֆո»-ի հարցին՝ արդյոք տարաձայնություններ են ունեցել ԱՀ նախագահը և Ավագյանը, կամ նախագահականի հավանությանը չեն արժանացել Բորիս Ավագյանի հայտարարությունները գերիների վերադարձին խոչընդոտող հանգամանքների վերաբերյալ, սակայն Ավանեսյանը ձեռնպահ մնաց դրանք մեկնաբանել։

Բորիս Ավագյանը Շիրակի մարզպետի գրավոր խնդրանքով զբաղվում էր գերեվարված 62 շիրակցիների վերադարձի հարցով։ Վերջերս էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ պետք է հասկանալ, թե երբվանից են դադարել գերիների վերադարձի գործընթացը և պատգամավորների և իշխանության ներկայացուցիչները պետք հայտարարություններում զգույշ լինեն։ Մասնավորապես նա անընդունելի էր համարել իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորների հայտարարությունները, որով գերեվարված հայորդիների ծնողներին ուղղորդել էին իրենց զավակների հայրենադարձության հարցով դիմել ՌԴ դեսպանին։

Ըստ տեղեկությունների՝ մինչ Ավագյանը խոսում էր խորհրդարանում ու քննադատում իշխանությանը, նրան ազատել են նաեւ ԱՀ ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, խորհրդարանում պնդում են, որ հանդիպման պահին Ավագյանը դեռ գործող պաշտոնյա էր։

Նշենք, որ այսօր Բորիս Ավագյանը մասնակցում էր ԱԺ-ում ընթացող Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկմանը։

Աղբյուր` Փաստինֆո