«Թող գերեվարեն էդ մարդկանց, թող մենք էլ ունենանք էդ խաղաքարտերը». Վահե Էնֆիաջյան


«Թող գերեվարեն էդ մարդկանց, թող մենք էլ ունենանք էդ խաղաքարտերը». Վահե Էնֆիաջյան
Ապրիլ 19 16:13 2021

Գերիներին վերադարձնելու քայլերը որո՞նք են, որպեսզի հստակություն մտնի, որովհետև այս կարևոր հարցն էսքան իրավունք չուներ դանդաղելու. ԱԺ-ում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկման ժամանակ Արցախի ԱԻՊԾ փոխտնօրեն Բորիս Ավագյանին հարց ուղղեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ շարունակելով. «Մենք ունենք-չունենք՝ մի փաստաթուղթ ունենք, որտեղ 8-րդ կետում սահմանվել էր՝ բոլորը բոլորի դիմաց: Գերիների թիվ չի նշված, հայկական կողմն, անկախ նրանից շատ էին, թե քիչ, արագացված ռեժիմով բոլորին հանձնեց այն պարագայում, երբ որ մեր ռազմագերիները մնացին էնտեղ: Թող մի օր նշանակեին, էդ օրը նույն ժամին էդ փոխանակումը տեղի ունենար՝ անկախ նրանից, թե քանի հոգի են: Հիմա վերլուծություն ենք անում, թե ո՞նց կարելի էր այդքան անհեռատես լինել»,- կարծիք հայտնեց Էնֆիաջյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը, որը բանակցող կողմն է, հստակություն մտցնի. «Պետք է հասկանանք՝ մենք ի՞նչ կարող ենք սրա դիմաց որպես ուլտիմատում դնել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Արձագանքելով՝ Բ. Ավագյանն ասաց՝ կարևորն այն է, թե այսօր ինչ կարող ենք մենք անել: «Թե ինչ չի արվել կամ արվել է սխալ, դա, իհարկե, վերլուծության առարկա է: Այդ ամենը պետք է ստանա լուծում, իսկ լուծումն այն է, որ դուք, որպես պատգամավորներ, կարողանք ստիպել գործող իշխանություններին, որ նրանք ձեզ տան ինֆորմացիա՝ ի՞նչն է խոչընդոտում, ի՞նչ են նրանցից պահանջում մեր գերիների վերադարձի դիմաց»:

Բ. Ավագյանի համոզմամբ, կա ինչ-որ պայման, և եթե այդ պայմանը կատարվի, մենք նրանց կվերադարձնենք: Նրա խոսքով, գերիների թեման Ադրբեջանը խաղաքարտ է դարձրել:

Վ. Էնֆիաջյանը նշեց, որ բազմաթիվ հրապարակումներ ենք կարդում և տեղեկանում, որ ադրբեջանցի զինծառայողները խաղաղապահների ուղեկցությամբ կամ առանց ուղեկցության, Արցախի Հանրապետության տարածքում են հայտնվել: «Թող գերեվարեն էդ մարդկանց, թող մենք էլ ունենանք էդ խաղաքարտերը»,- ասաց պատգամավորը:

Արցախի պաշտոնյան հերքեց այդ լուրերը՝ ասելով. «Ես բացառում եմ, որ ինչ-որ մի ադրբեջանցի կարող է գալ Ստեփանակերտ և առևտուր անել խանութում: Դա ֆեյք սոցիալական կայքերում տեղադրված բաներ են: Ես չգիտեմ, թե ովքեր են տարածում այդ կեղծ տեղեկությունները, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա: Ես ձեզ խոստանում եմ, որ եթե նման բան լինի, իմ զենքով կգերեվարեմ տենց ադրբեջանցուն, բայց դա բացառվում է, դա ֆանտաստիկա է»,- ասաց նա: