Պարզվել է երեկ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ ծեծկռտուքի հետևանքով տուժած 5 քաղաքացիների ինքնությունը


Պարզվել է երեկ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ ծեծկռտուքի հետևանքով տուժած 5 քաղաքացիների ինքնությունը
Ապրիլ 10 12:43 2021

Պարզվել է երեկ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ ծեծկռտուքի եւ կրակոցների հետևանքով տուժած 5 քաղաքացիների ինքնությունը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին  մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը, շահագործելը)  հատկանիշներով։

Ոստիկաններն ու քննիչնեը պարզել են, որ «կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆիկ Գալիկյանը, «որովայնի վնասվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հարությունյանը, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահե Հարությունյանը, նուն հիվանդանոց է տեղափոխվել «դեմքի, պարանոցի, աջ ուսահոդի շրջանի վերքային մակերես» ախտորոշմամբ՝ Դիլիջանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մուսայելյանը։

«Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգ ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 27-ամյա Նարեկ Խաչատրյանը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի մոտից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նշված անձինք «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի մոտ վիճաբանել են, որի ժամանակ էլ տարբեր տեսակի հրազեններից կրակել են միմյանց վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 9-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր»  կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ էին տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Այդ քաղաքացիները ստացել էին հրազենային և սուր, կտրող–ծակող առարկայի հարվածից ստացած վնասվածքներ:

Կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանոցի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց:

Վարկածներից մեկով՝ կրակոցները կապ ունեին ամիսներ առաջ Երևանի Մայիսի  9-ի փողոցում հրազենի գործադրմամբ  տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: 

Դեպքի վայրում հայտնաբերվել էին մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ և արնանման հետքեր, նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա էին կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել էր կրակված գնդակ: