Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան


Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան
Ապրիլ 10 12:02 2021

Վերջին շրջանում Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներից ազատ է արձակվել միայն Մարալ Նաջարյանը, ով, անկախ ազգային պատկանելությունից, Լիբանանի Հանրապետության քաղաքացի է, իսկ Լիբանանը պետություն է, ունի իր քաղաքացիների ճակատագրով մտահոգ և զբաղվող կառավարություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գերությունից ազատվելուց և Լիբանան վերադառնալուց հետո, 2020 թվականի մարտի 20-ին Մարալ Նաջարյանին ընդունել է Լիբանանի Նախագահ Միշել Աունն։ Հանդիպման ընթացքում Մարալ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել իր երկրի Նախագահին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։

Հայաստանի քաղաքացի հանդիսացող մեր մյուս հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը և Հայաստանը կրկին ունենա պետության ղեկավար։ Պետությունը կործանած ոչ մի խեղկատակ նման բարդ և կարևոր խնդիր լուծել չի կարող։

Առայժմ մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանի Նախագահին, ով, մեր պետականության բացակայության և անիշխանության պայմաններում, մինչ օրս կարողացել է Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջոցով, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կազմակերպել Ադրբեջանում գերության մեջ հայտնված 44, իսկ 2021 թվականի հունվարի 28-ին` ևս 5 հայ գերիների վերադարձը Հայրենիք»: