Պատերազմից հետո հայ ժողովրդի համար օրհասական է մնում անհետ կորած զինծառայողների և գերիների հարցը։ Նրանց հարազատները դռնեդուռ ընկած փորձում են որևէ լուր ստանալ պատկան մարմիններից, բայց` ապարդյուն։ AntiFake.am-ին հայտնի է դարձել, որ պատերազմից հետո անհետ կորած զինծառայողներից ոմանք ծանր վիրավորումով և անգիտակից վիճակում տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, իսկ պաշտպանության նախարարությունը մատը մատին չի տվել այդ զինծառայողներին նույնականացնելու և նրանց հարազատներին գտնելու համար։ Այդ վիճակում գտնվող 5 զինծառայողներ տեղափոխվել են Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Զինծառայողներից որոշներն այնքան ծանր վիճակում են եղել, որ վիրահատությունից հետո շաբաթներով ուշքի չեն եկել։ Զինվորները փաստաթղթեր չեն ունեցել, և հնարավոր չի եղել նույնականացնել նրանց։ Տեսնելով, որ պատկան մարմինները, մասնավորապես՝ պաշտպանության նախարարությունը որևէ քայլ չեն ձեռնարկում զինծառայողներին նույնականացնելու և նրանց հարազատներին իրենց զավակների ողջ լինելու մասին բարի լուրը հաղորդելու համար` բժիշկներն իրենք են սկսել զբաղվել այդ հարցով՝ փորձելով տարբեր միջոցներով գտնել զինվորների ազգականներին։ Ուռուցքաբանության ինստիտուտի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը նաև Արսեն Թորոսյանի մտերիմն է, ամեն կերպ խոչընդոտել է բժիշկների որոնումները՝ շեշտելով, որ դա ՊՆ-ի գործն է։ Աղբյուրի հաղորդմամբ՝ նա նույնիսկ սպառնացել է բժիշկներից մեկին, որ կհեռացնի աշխատանքից, եթե վերջինս չդադարի զինծառայողների բարեկամների փնտրտուքը։ Նարեկ Մանուկյանին այս հարցում օգնել է նրա առաջին տեղակալը՝ Արամ Ջիլավյանը, որը նույնպես «շան լափ» է թափել այն բժիշկների գլխին, որոնք կարողացել են գտնել անգիտակից զինվորների հարազատներին։ Նշենք, որ այդ ողջ ընթացքում ՊՆ-ն մատնված է եղել անգործության և բացարձակ չի զբաղվել վիրավոր զինվորների տվյալների ինդենտիֆիկացիայի, ծնողների և բարեկամների որոնման աշխատանքներով։ Ֆանարջյան կենտրոնի բժիշկների փոխանցմամբ՝ իրենց ջանքերով հաջողվել է գտնել անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված 4 զինծառայողների՝ Հովիկի, Խաչիկի, Օլեգի և ևս մեկ զինծառայողի հարազատներին։ 5-րդ զինծառայողի հարազատներին գտնել այդպես էլ չի հաջողվել, և նա 2 օր անգիտակից մնալուց հետո մահացել է։ Յուրաքանչյուր դեպքում, երբ բժիշկներին հաջողվել է գտնել անգիտակից զինվորների հարազատներին, տնօրինությունը կանչել է բժիշկներին և «շան լափ» թափել, բղավել է, թե «դա ձեր գործը չէ, մի խառնվեք դրա մեջ»։ Բժիշկները անգիտակից զինծառայողներից մեկի ծնողներին գտնելուց հետո ստիպված զգուշացրել են նրանց, որ վերջիններս հիվանդանոցի տնօրինությանն ասեն, թե իրենք պատահաբար են գտել իրենց որդուն՝ բոլոր հիվանդանոցներում փնտրելուց հետո, որպեսզի զինվորի ծնողներին գտած բժիշկները խուսափեն տնօրինության կողմից իրենց գլխին թափվող հերթական «շան լափից»։ |