Ե՞րբ Փաշինյանին մեղադրանք կներկայացվի սուտ մատնության հոդվածով


Ե՞րբ Փաշինյանին մեղադրանք կներկայացվի սուտ մատնության հոդվածով
Մարտ 6 00:50 2021

Lurer.com-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հանդես է եկել մի շարք ռեզոնանսային հայտարարություններով, որոնցում հասցեական և ոչ հասցեական մեղադրանքներ է հնչեցրել: Իրավիճակի զավեշտը կայանում է նրանում, որ այդ մեղադրանքները մեկի պես կամ հերքվել են՝ ընդ որում իրավապահ մարմինների կողմից, կամ այդպես էլ մնացել են անպատասխան՝ օդում կախված լուրերի մակարդակում:

Դիցուք՝ ասուլիսներից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում օտար գործակալներ են վխտում: Դրանից հետո բազմիցս թե՛ ԱԱԾ-ին, թե՛ դատախազությանը հարցեր են ուղղվել՝ ո՞ւր են այդ գործակալները, արդյոք դրանք բացահայտվել են, ի՞նչ վնաս են նրանք հասցրել ՀՀ ազգային անվտանգությանը և պետական շահերին, սակայն երկու կառույցներն էլ քար լռություն են պահպանում մինչ օրս:

Նիկոլ Փաշինյանը մեկ այլ ասուլիսի ընթացքում թիրախավորել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, հայտարարել էր՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Այն բանից հետո, երբ երկրորդ նախագահը դատի տվեց Նիկոլ Փաշինյանին, վերջինս հայտարարեց, որ ուրիշ Քոչարյանի է նկատի ունեցել: Ինչ է սա, եթե ոչ դասական զավեշտ:

Բոլորս քաջ հիշում ենք հայտնի պատմությունը՝ պետական հեղաշրջման փորձի հետ կապված, որում մեղադրվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Փաշինյանի այդ մեղադրանքը հերքել է հենց ԱԱԾ-ն` հայտարարելով, որ պետական հեղաշրջման փորձի որևէ ապացույց չկա:

Չի հիմնավորվել նաև Փաշինյանի մեղադրանքը՝ իբրև թե իր մահափորձը կազմակերպել ցանկանալու մասով: Մեղադրվող կողմը, ի դեպ, նույնն էր, սակայն դատարանում դատախազության ներկայացուցիչը ստիպված եղավ խոստովանել, որ հայտնի հեռախոսազրույցը մոնտաժված է:

Հրայր Թովմասյանի գրչի պատմությունը ընդհանրապես կարելի է դասել դասականների շարքը: Թովմասյանը, ի դեպ, նույնպես դատի է տվել Փաշինյանին` պահանջելով ապացուցել՝ իր կողմից վերջինիս սիրտը գրչով շահելու հանգամանքը:

Հեղափոխությունից առաջ և հետո Փաշինյանը հայտարարում էր, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խաղատանը պարտվել է ՀՀ բյուջեի մի մասը: Իհարկե, այդ մեղադրանքն էլ ջրվեց, ինչպես և մի շարք այլ մեղադրանքներ ուղղված Սարգսյանին և նրա ընտանիքի անդամներին:

Պատերազմի օրերին Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարում էր, որ դիրքերում դավաճաններ և սադրիչներ կան, ովքեր զինվորականներին տրամադրում են իշխանությունների դեմ և այդ սադրիչները ուղղակիորեն կապված են քաղաքական որոշ շրջանակների հետ: Սա էլ հերքվեց դատախազության կողմից:

ԱԺ ամբիոնից Փաշինյանը մի շարք ընդդիմադիր հեռուստաալիքների մեղադրեց քաղաքական պատվերներ կատարելու մեջ: Իհարկե, այս մեղադրանքը նույնպես որևէ հիմնավորում չունեցավ:

Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, Փաշինյանը մեղադրում էր Հայաստանում գոյություն ունեցող բոլոր քիչ թե շատ խոշոր բիզնեսին փայ մտնելու մեջ, բացի այդ, ըստ Փաշինյանի, նրան էր պատկանում արագաչափերի բիզնեսը: Փաշինյանի այս մեղադրանքը հերքել է ՃՈ-ն` հայտարարելով, որ տվյալ բիզնեսը երբեք չի պատկանել և չի պատկանում Սաշիկ Սարգսյանին:

Վերջին ամենաթարմ մեղադրանքը հնչեց օրերս ՝ Հանրապետության հրապարակում կազմակերպած հավաքի ընթացքում, երբ Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով ԳՇ պետի գործողությունները և իր հրաժարականի պահանջը թելադրվում են երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Իհարկե, դեռ այդ խոսքերին որևէ ապացույց չի ներկայացվել:

Վերը նշված օրինակները քրեական օրենսգրքի սուտ մատնության հոդվածի դասական դրսևորումներ են, և զարմանալի է, թե ինչպես մինչ օրս հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, սուտ մատնության, բարի համբավը արատավորելու, անձի արժանապատվությունը վիրավորելու հոդվածներով մեղադրանք չի առաջադրվել…