Նիկոլ Փաշինյանի հրահանգով կալանավորված Արա Սաղաթելյանի գլխի համար Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակվել


Նիկոլ Փաշինյանի հրահանգով կալանավորված Արա Սաղաթելյանի գլխի համար Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակվել
Մարտ 6 00:42 2021

Քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ ներգրավված իրավապահները չեն ներվելու, նրանք պատասխանատվության ենթարկվելու են,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, որը անհիմն մեղադրանքներով 14 օր կալանքի տակ մնալուց հետո, այսօր ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ նրա կալանավորումը բեկանել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ արձանագրելով, որ ԱԱԾ-ի կողմից առաջադրված մեղադրանքներում բացակայում է հիմնավոր կասկածը։

Ա. Սաղաթելյանը նշել է, որ իր ունեցած տեղեկատվության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ է կառավարում ԱԱԾ քննչական վարչությունը, հրահանգավորում տեխնիկական ապահովման ստորաբաժանումը,որը գաղտնալսումներն է իրականացնում։ «Նոր խաղալիք է գտել, խաղում է»,- ասել է Ա.Սաղաթելյանն ու ավելացրել. «Ես գտնում եմ, որ նորմալ չի, երբ, կներեք արտահայտությանս համար, մի բիճ գեղցի երկիրը տակնուվրա է արել ու տարբեր կեղծարարությունների, զերծարարությունների հիման վրա իրեն այնքան վստահ է զգում, որ անգամ ԱԱԾ համակարգը դարձրել է իշխանությունների քիլլեր»։

Գործիչը հիշեցրել է, որ ԱԱԾ դեռեւս նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն է 2020 թվականի նոյեմբերին՝ իր հրաժարականից հետո, հայտարարել է, որ չի կարելի ԱԱԾ-ն վերածել քաղաքական գործիքի։

«Գործը, որով փորձում են ինձ մեկուսացնել հասարակությունից, ըստ ԱԱԾ փաստաթղթերի, հարուցվել է հոկտեմբերի 10-ին։ Ավելի քան վստահ եմ, որ այս գործը ևս եղել է քննարկման առարկա։ Առավել քան վստահ եմ, որ Միքայել Համբարձումյանի հրաժարականի հիմքը եղել է այս, Վազգեն Մանուկյանի ու մի շարք այլ նման գործեր, երբ կեղծ, շինծու, մտացածին մեղադրանքներով մարդկանց փորձում են զրկել ազատությունից»,-ասել է Սաղաթելյանը։
Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է թիրախ ընտրվել հենց ինքը՝ վերջինս պատասխանել է, որ ըստ ամենայնի , երկրի ղեկավարն ու նրա որոշ պնակալեզներ, որոնք զբաղված են տեղեկատվական, քաղաքական ոլորտով, մտասևեռվածություն ունեն իր հետ կապված։
«Բացի այդ՝ բոլորին հայտնի է, որ ես Միքայել Մինասյանի ընկերն եմ, նրա թիմի անդամ եմ։ Ըստ երևույթին, ձեռքերը չեն հասնում Միքայել Մինասյանին, և նա փորձում է այս կերպ որոշակի անհարմարություն պատճառել։ Ուզում եմ տեղեկացնել, որ մեր ընկերությունն ու թիմն այնքան ստաբիլ են, որ նման աննորմալ քայլերով ոչնչի չեն հասնի, առավել ևս նման երեւակայական մեղադրանքներով»,-նշել է Արա Սաղաթելյանը։

Նրա խոսքերով՝ արդեն հինգ քրեական գործ կա, որով փորձ է արվում իրեն զրկել ազատությունից եւ չի բացառել, որ իր կալանավորումը փորձել է «վաճառել» մի քանի տեղ՝ մասնավորապես իր թիմին ցանկացել է ցույց տալ, թե տեսեք ում եմ բռնել, ինչպես նաեւ մեսիջ ուղարկել Ալիեւին։

Հիշեցնենք, որ Ա.Սաղաթելյանը երկար տարիներ զբաղվել է ադրբեջանական հակահայկական տեղեկատվական քաղաքականության դեմ պայքարով։

«Քչերը գիտեն, որ 2011-ին Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակված իմ գլխի համար, շատ բարդ իրադարձությունների հետեւանքով։ Ադրբեջանական մամուլը, մասնագիտական շրջանակները պարզապես երջանիկ էին, այն մարդիկ, որ 2009, 2010, 2011 թվականներին ինձ որակում էին հայկական Գեբելս ու այլ վիրավորական արտահայտություններ անում, շատ ուրախ էին։ Գիտե՞ք, տվյալ անձի ու նրա շրջապատի ստրկամտությունն այնքան մեծ է, որ ինքը կարող է մի բանը մի քանի տեղ վաճառել։ Քանի որ ՆԻկոլ Փաշինյանի ողջամտության մասին խոսք լինել չի կարող, ես բավարար հիմքեր ունեմ կարծելու, որ ինքը սպոնտան որոշումներ է կայացնում և անում է, կամ էլ նրան իր համար ոչ ակնհայտ ձևով կառավարում են»,-հայտարարել է Ա Սաղաթելյանը։

Նա ընդգծել է, որ այսուհետ տանելու է ավելի սուր ու անընդմեջ պայքար, քանի որ, նրա խոսքերով, այս իշխանությունները ոչ միայն լափել են այս ժողովրդի լավատեսությունը, այլեւ ապագան եւ բոլորը պետք է կրեն պատասխնատվություն։

Աղբյուր` Փաստինֆո



loading...