Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ․ ԲԴԽ նախագահի կինն այսօր չի հարցաքննվել․ «Փաստինֆո»


Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ․ ԲԴԽ նախագահի կինն այսօր չի հարցաքննվել․ «Փաստինֆո»
Մարտ 4 20:50 2021

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինն այսօր չի հարցաքննվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահը՝ նշելով, որ սպասում են ծանուցագրին։

Կայքի հաղորդմամբ՝ ԲԴԽ նախագահի կինը հեռախոսով էր հրավիրվել, ինչին ի պատասխան ասել են, որ ծանուցագրի պայմաններում միայն կգնան հարցաքննության։

Հիշեցնենք, որ երկու օր շարունակ ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, որի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց հարցերը պետք է ուղղեին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ կապված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ, սակայն հարցերը հիմնականում քաղաքական բնույթի էին եւ վերաբերում էին ԲԴԽ նախագահի ավելի վաղ արված հայտարարությանը։ ԱԺ պատգամավորների նման վարքագիծը մասնագիտական հանրության շրջանում դիտարկվեց որպես ուղիղ ճնշման փորձ՝ Վարդազարյանի նկատմամբ, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ նրա կինը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։

Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ հարցաքննության կգնան ծանուցագրի պայմաններում։

Հարցին՝ արդյո՞ք բանավոր կարգով տեղեկացրել են, թե ինչ գործի շրջանակներում եւ ինչ կարգավիճակով են հրավիրել հարցաքննության, Վարդազարյանը պատասխանել է.

«Ոչ, նույնիսկ ինձ թույլ չեմ տվել հարցնել բանավոր կարգով, որովհետեւ օրենքը նման ընթացակարգ չի նախատեսում։ Ամենը լինելու է գրավոր եւ թափանցիկ, իհարկե այն մասով, որը նախաքննության գաղտնիք չի հանդիսանում։ Եթե ասում են հարցաքննության, ենթադրում եմ՝ վկա»։

Ինչ վերաբերում է իր նկատմամբ ճնշումներին եւ շրջանառվող լուրերին առ այն, որ ԲԴԽ նախագահի դեմ արշավը կազմակերպվել է Գագիկ Ջհանգիրյանի կողմից, Վարդազարյանը նշել է, որ չի կարծում, որ այդ արշավը կազմակերպված լիներ Գագիկ Ջհանգիրյանի կողմից։

«Սա նրա կալիբրը չէր, իսկ որ սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ»,- նշել է Վարդազարյանը։

Իսկ թե ինչով է պայմանավորված իր նկատմամբ ճնշումները՝ Վարդազարյանն ասել է, որ հիմա դժվարանում է պատասխանել, քանի որ շատ ծանր երկու օր է ունեցել։

«Հիմա չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել, երբ մտքերս կժողովեմ, մամուլի ասուլիս կհրավիրեմ եւ կպատասխանեմ նաեւ այդ հարցին։ Երեւի թե՝ այդ հարցի շուրջ կլինի իմ մամուլի ասուլիսը»,- հայտնել է  Վարդազարյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով ԱԺ խորհրդին դիմելուն, Վարդազարյանն ասել է, որ դեռեւս պաշտոնապես չի դիմել, բայց քանի որ հայտարարել է, այսօր փորձել է որոշ գրառումներ կատարել, բայց դեռ չի դիմել։ Վարդազարյանի խոսքով՝ դեռեւս ժամանակ ունի եւ օրենքով նախատեսված ժամկետում միանշանակ կդիմի։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը երեկ ԱԺ-ում, մատնացույց անելով Ռուբեն Վարդազարյանին, դիմել է «Իմ քայլը» խմբակցության եւ ասել. «Այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ։ Ձեր իշխանության օրոք է նշանակվել։ Այսինքն՝ ոչ թե դատական համակարգում այս մարդու վաստակն է գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել, անհասկանալի պատճառով այս պատուհասը դատական համակարգի գլխին եք բերել»։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ արձագանքել է ՝ նշելով, որ իր անձի նկատմամբ պատգամավորի վիրավորական արտահայտությունները հետեւանք են ունենալու․ «Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնն ինձ զսպում են, որ ձեզ չպատասխանեմ ձեր իսկ բառապաշարով։ Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետեւանք։ ԱԺ խորհրդին են դիմելու՝ ձեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Մեծ հաճույքով ձեզ կպատասխանեի, բայց ավաղ պարտավոր եմ մնալ կոռեկտության սահմաններում»,- հայտարարել է ԲԴԽ նախագահը։



loading...