«ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, որոնք իրենց դրսեւորում են լակոտի նման». Ռուբեն Մելիքյան


«ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, որոնք իրենց դրսեւորում են լակոտի նման». Ռուբեն Մելիքյան
Մարտ 4 16:10 2021

Իմ պատկերացմամբ՝ եթե այս վարույթով, կոնկրետ այդ դատավարության ընթացքում այդ նույն հավատարմությունը իրավունքի գերակայության նկատմամբ դրսեւորվի, ապա հենց այսօր մենք կունենանք քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի ազատ արձակում։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։

Անդրադառնալով Ազգային ժողովում վերջին օրերին դատական համակարգի վերաբերյալ քննարկումներին՝ Մելիքյանն ասաց. «Ցույց տվեցին, որ դատական իշխանությունը կարողացել է այս ճգնաժամային պայմաններում իր մոտ ձեւավորել պետական մոտեցում անգամ այն պայմաններում, երբ քաղաքական իշխանությունն ամբողջությամբ հակապետական գործունեություն է իրականացնում։ Սա բավականին ոգեւորող իրավիճակ է նաեւ ապագայի Հայաստանի համար»։

Խոսելով ԱԺ-ում երեկ Ազգային ժողովում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին քաղաքական հայտարարություններ անելու մեջ մեղադրելուն՝ Մելիքյանն ասաց. «Ես ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար, այնպես է ստացվել, որ մեր ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, որոնք իրենց դրսեւորում են լակոտի պես։ Այդպես չի կարելի խոսել դատական իշխանության ղեկավարի հետ»։

Հարցին՝ եթե դատարանն Արա Սաղաթելյանին ազատ արձակելու որոշում կայացնի, արդյոք իշխանությունների կողմից հետագա գործողությունները սպասելի չե՞ն, իրավապաշտպանն ասաց. «Ես այս գործը համարում եմ բացարձակ անկանխատեսելի։ Չեմ բացառում, որ վաղը ինչ-որ մեկին նույն մեղադրանքն առաջադրեն։ Սա գործը ոտքից մինչեւ գլուխ ծաղր է, ամոթալի է առնչություն ունենալն այս գործի հետ»։

Հարցին, ըստ իրեն, գործով մեղադրող դատախազները Վերաքննիչ դատարանում ի՞նչ փաստարկներ պետք է ներկայացնեն Սաղաթելյանի կալանքի հարցով, իրավապաշտպանն ասաց. «Այդ փաստարկները ներկայացվել են նաեւ առաջին ատյանի դատարանում։ Փաստարկ կարելի է բերել ցանկացած հանգամանք, այդ թվում՝ հիմարություններ։ Իշխող քաղաքական ուժը շատ է սիրում այդ «Կարգին հաղորդումները», այսպիսի բան կար՝ եթե տուփը քառակուսի է, ուրեմն մեջինը կլոր է. դա էլ է փաստարկ»։

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում դիպուկահարների, լուսաձայնային նռնակների առկայությանը՝ իրավապաշտպանն ասաց. «Ոստիկանությունը հերքել է, որ այդ դիպուկահարները ոստիկանության ծառայողներ են։ Նրանք կամ ԱԱԾ ծառայողներ են կամ Հայաստանի հետ կապ չունեն։ Երկրորդի տարբերակն ավելի հավանական եմ համարում։ Չեմ բացառում, որ նրանք ադրբեջանցիներ են եղել»։