«Մենակ Նիկոլից հետո է հնարավոր Հայաստան». Հայկ Մամիջանյան


«Մենակ Նիկոլից հետո է հնարավոր Հայաստան». Հայկ Մամիջանյան
Մարտ 4 15:42 2021

«Արա Սաղաթելյանի գործը զավեշտի ժանրից է»,-  168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, որը ևս Վերաքննիչ քրեական դատարանի բակում է՝ իր աջակցությունը հայտնելու Արա Սաղաթելյանին։

Ըստ Մամիջանյանի՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը  Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի դավաճանական խունտայի պատերազմի ժամանակ իրականացրած հանցագործություններով զբաղվելու փոխարեն, զբաղվում է ֆեյսբուքյան «ֆեյք»-ով, որը մինչև այսօր շարունակում է կատարել իր գրառումները․

«Ես մեր քաղաքացիներին կարող եմ միայն մաղթել զգույշ լինել, որովհետև կարծես թե ԱԱԾ-ն մեր անվտանգությամբ այդքան էլ չի զբաղվում»։

Անդրադառնալով իրավապահ մարմինների գործողություններին՝ Հայկ Մամիջանյանը նրանց խորհուրդ տվեց մնալ օրենքի սահմաններում և չկատարել Փաշինյանի դավաճանական հրամանները, քանի որ վաղ թե ուշ այս խնդիրը լուծվելու է։

«Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության  4–5 անդամների ծանուցագրեր են ուղարկել, բայց իմ տեղեկություններով՝ մինչև 15 հասնելու է, ուղարկել են ծանուցագրեր Կենտրոնի թաղապետարանում իրականացված խաղաղ իրազեկման ակցիայի համար։ Ցայսօր ոչ մի մարդ պատասխանատվություն չի կրել Ռադիոտան դուռը ջարդելու համար, բայց երբ մենք բաց դռնով մտնում ենք Կենտրոնի թաղապետարան, որևէ գույք չենք վնասում, որևէ անձի, բնականաբար, չենք վիրավորում, հասարակական կարգը չենք խախտում, և դրանից հետո, եթե չեմ սխալվում, գործը պատրաստվում է խուլիգանության հոդվածով… Սա Նիկոլի վերջին ճիգերն են, ինքը փորձում է՝ ինչ ձեռքի տակ ընկնում է, դրանից բռնվել, այս պահին դա իրավական համակարգն է։ Միակ բանը, որ կարող եմ խորհուրդ տալ իրավական համակարգի արժանապատիվ ծառայողներին, հիշել, որ Նիկոլից հետո Հայաստան կա, վերաձևակերպեմ՝ մենակ Նիկոլից հետո է հնարավոր Հայաստան, դա միակ գրավականն է, որ Հայաստան պետությունը շարունակի գոյություն ունենալ…»,- ասաց Մամիջանյանը։

Դիտարկմանը, որ արդեն ամիսներ շարունակ «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաքներ, որոշակի գործողություններ է իրականացնում, սակայն հանրությունը նկատելի արդյունք չի տեսնում, ու ոմանց հենց դա է խանգարում միանալու շարժմանը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ արդյունքները շոշափելի և տեսանելի են։

«Հիշենք, որ մենք սկսել ենք մի քանի հազար հոգանոց հանրահավաքներից, իհարկե, ես չեմ սիրում քաղաքական գործընթացները մարդաքանակով հաշվել, բայց, բնականաբար, 40.000-ը շատ ավելի մեծ գործոն է, շատ ավելի մեծ ճնշում է այս դավաճանական խունտայի վրա, քան մի քանի հազար մարդը։ Այս պահին մեր հանրահավաքները շուրջ 40.000-անոց են լինում։ Մենք ունենք խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ, ունենք ԶՈՒ ԳՇ հայտարարություն, ունենք 4 նախագահների հայտարարություն, 2 կաթողիկոսների հայտարարություն, բազմաթիվ բուհերի, Գիտությունների ազգային ակադեմիայի, շատ ու շատ արհեստակցական կազմակերպությունների… Շատ էական է գիտակցել, որ գիշերը վրանում մնալով, ձյան տակ միտինգի գալով, փոքր-փոքր քայլերով նոր հասնում ես այսպիսի հաջողության։ Ուզում եմ հիշեցնել, որ 1 օրվա մեջ շատ քիչ հեղափոխություններ են հաջողել, իսկ այս պարագայում մենք գործ ունենք մի կապիտուլյանտի հետ, որը իշխանությունից բարձր ոչինչ չունի, չունի հայրենասիրություն… Այդ մարդու համար նորմալ է, որ Բաղրամյան պողոտան պարալիզացված է, ինքը պատրաստ է առանց ԳՇ աշխատելու, իր ուսապարկերից մեկին ասում ա՝ հա, ի՞նչ է եղել, որ, 40 հոգի են ԳՇ-ն, հո մեր բանակը չե՞ն, թեպետ 40 հոգի չեն, արդեն ասացի, որ զորամիավորումներն էլ են միացել այդ հայտարարությանը։ Մենք այդպիսի մարդու հետ գործ ունենք, ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ վաղուց հրաժարական էր տվել այս ելքային պայմաններում, բայց մենք գործ ունենք անհայրենիք մի ստահակի հետ, որը եթե պատերազմն է կեղծելու ունակ, ինչի՞ մասին ենք մենք խոսում…»։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել 2 ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:

ԱԱԾ-ն խուզարկություն էր կատարել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման էր ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանն այնուհետև ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։