Այս գործը ծաղր է իրավաբանության նկատմամբ. եթե իրավունքի գերակայության հանդեպ հավատարմություն դրսևորվի, Արա Սաղաթելյանը հենց այսօր ազատ կարձակվի. Ռ. Մելիքյան (տեսանյութ)


Այս գործը ծաղր է իրավաբանության նկատմամբ. եթե իրավունքի գերակայության հանդեպ հավատարմություն դրսևորվի, Արա Սաղաթելյանը հենց այսօր ազատ կարձակվի. Ռ. Մելիքյան (տեսանյութ)
Մարտ 4 15:25 2021

Դատական իշխանությունն իր ինստիտուցիոնալ, պետական մոտեցումը, իրավունքի գերակայության արժեքներին հավատարմությունը, ընդհանուր առմամբ, հաստատել է: Եթե այս դատավորության ընթացքում իրավունքի գերակայության նկատմամբ այդ նույն հավատարմությունը դրսևորվի, ապա, ամենայն հավանականությամբ, քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանը հենց այսօր ազատ կարձակվի: Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին՝ ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ գործով բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը: Արա Սաղաթելյանը մեղադրվում է 3 հոդվածով: Այսօր որոշումը բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում:

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ վերջին 1-2 օրերին ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները ցույց են տվել, որ դատական իշխանությունը կարողացել է ճգնաժամային պայմաններում ձևավորել պետական մոտեցում, անգամ այն պայմաններում, երբ, ըստ Մելիքյանի, քաղաքական իշխանությունն ամբողջությամբ հակապետական գործունեություն է իրականացնում:

«Սա բավական ոգևորող իրավիճակ է նաև ապագայի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ապագայի Հայաստանում մենք պետք է շարունակենք ունենալ անկախ դատական համակարգ՝ անկախ նրանից, թե ով է լինելու ՀՀ հաջորդ իշխանությունը»,- նշեց նա՝ անդրադառնալով ԱԺ-ում ԲԴԽ նախագահին ուղղված հարցերին: «ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, որոնք իրենց դրսևորում են լակոտի պես»,-հավելեց նա:

Հարցին՝ եթե այսօր Արա Սաղաթելյանն ազատ արձակվի, իշխանությունների կողմից հետագա գործողություններ սպասելի չե՞ն, Մելիքյանն արձագանքեց, թե այս գործն իր համար բացարձակ անկանխատեսելի է:

«Այն անտրամաբանական հիմք ուներ, և չեմ բացառում, որ վաղն ինչ-որ մեկին նույն մեղադրանքն առաջադրեն, հետո մեկ ուրիշին: Այս գործը ոտքից գլուխ ծաղր է, ամոթալի է ընդհանրապես առնչություն ունենալ այս գործի հետ: Ցավոք, ունենք իրավաբանության և առողջ տրամաբանության նկատմամբ հերթական ծաղրը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: