Շատ վտանգավոր են հանրության՝ իրեն չեզոք համարող որոշ հատվածում առկա պատկերացումները, որոնք թաքնված խայծ են. «Փաստ»


Շատ վտանգավոր են հանրության՝ իրեն չեզոք համարող որոշ հատվածում առկա պատկերացումները, որոնք թաքնված խայծ են. «Փաստ»
Փետրվար 23 09:48 2021

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թեպետ կարծիքներ կան, որ ներհայաստանյան քաղաքական գործընթացները պրիմիտիվ են, բայց, որքան էլ զարմանալի թվա, ինչպես հասարակական կյանքն ընդգրկող ոլորտներին առնչվող մյուս երեւույթները, քաղաքական գործընթացները եւս իրենցում որոշակի տրամաբանություն են պարունակում։ Ու այս հարցում չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ այստեղ առանցքային նշանակություն ունի երկու կարեւոր իրողություն։

Քաղաքական զարգացումների ուղղություններից մեկը քաղաքական ուժերի գործունեությունն է, որոնք մատուցում են իրենց օրակարգը հանրությանը, իսկ մյուս կողմում հասարակությունն է, որը քաղաքացիներին հուզող խնդիրների շուրջ ձեւավորում է հանրային պահանջները, որոնց շրջանակներում էլ ուրվագծվում են քաղաքական ուժերի դիրքորոշումները։

Ժողովրդավարական համակարգի պայմաններում ժողովուրդն է ընտրությունների արդյունքում որոշում, թե որ քաղաքական ուժերի ծրագրերն են իրենց առավել վստահություն ներշնչում։ Ուստի քաղաքական կուսակցությունների համար առանցքային նշանակություն ունի հասկանալ, թե հանրությանը հուզող որ խնդիրներն են առաջնային, ու, ըստ այդմ, դիրքավորվել քաղաքական դաշտում եւ մասնակցել ներքաղաքական մրցավազքին։

Սակայն հանրային ընկալումներում էական նշանակություն ունի նաեւ քաղաքական ուժերի դասավորության պատկերը եւ դրա վերաբերյալ որոշակի կանխակալ վերաբերմունքը։ Շատ հաճախ քաղաքական ուժերը, այս պատկերացումից ելնելով, առաջ են տանում իրենց եզակիության եւ բացառիկության թեզը։

Եվ պատահական չէ, որ շատերը, որպես օրինակ, ներկայացնում են նաեւ նախկին իշխանությունների ժամանակ շրջանառվող այն մտայնությունը, որ եթե իրենք չլինեն իշխանության, ապա էլ ո՞վ է ի վիճակի երկրի կառավարման շուրջ ստեղծված օրակարգն առաջ մղել։ Եվ ինչպես ժամանակի ընթացքում տեսանք, այդ եզակիության մասին թեզն իրականության մեջ չարդարացրեց իրեն։

Կա նաեւ մեկ այլ քաղաքական մոլորություն այն մասին, որ եթե գործող իշխանությունները հեռանան, ապա «կգան նախկինները»։ Սա իշխանությունների կողմից նետված մանիպուլյացիա է՝ «նախկիններին» «բոբո» դարձնելու միջոցով, թե բա՝ որ մենք գնանք, տեսեք, նախկինները հետ կգան, եւ նախկինում առկա բարքերը նորից կվերականգնվեն եւ այլն։

Շատ ավելի վտանգավոր են հանրության՝ իրեն չեզոք համարող որոշ հատվածի շրջանում ներդրված որոշակի պատկերացումները, որոնք իրենցից թաքնված խայծ են ներկայացնում։ Այս պատկերացումները բնորոշում են տարածված հանրային այն ընկալումը, թե չնայած դեմ ենք, որ այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, բայց ի՞նչ կարող ենք անել նրանց դեմ, չէ՞ որ ընդդիմությունը..., չէ՞ որ նախկինները...., չէ՞ որ այսպես, չէ՞ որ այնպես...։

Առաջին հայացքից այս մարդկանց մոտեցումը կարող է տրամաբանական թվալ, բայց իրականության մեջ այն ոչ թե չեզոքություն է, այլ փաստացի սատարում իշխանությունների պաշտոնավարումը շարունակելու հարցում։ Խնդիրն այն է, որ, ինչպես գտնում է հանրության առավել գիտակցված հատվածը, ներկայիս իշխանությունների հեռանալու հարցն ավելին է, քան պարզ աթոռակռվի մասին պատկերացումը։ Եթե կա ակնհայտ հանրային պահանջ, ու այդ պահանջը տրամաբանական է, ապա այս պարագայում որեւէ այլ պատճառաբանություն պարզապես նույնացվում է Հայրենիքը կապիտուլյացիայի տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, հսկայական տարածքների կորստի պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանին սատարելուն:

Եվ այստեղ չկա X կամ Y անձի խնդիր, կա երկրի, պետության լինելիության, բոլորիս արժանապատվության խնդիր:

Իսկ թե այս կառավարության հրաժարականից եւ ժամանակավոր կառավարության ձեւավորումից հետո անցկացվելիք ընտրություններով իշխանության կգա այս կամ այն ուժը, այս կամ այն անհատը, դա արդեն ժողովուրդը կորոշի՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու շուրջ նրանց ներկայացրած ծրագրերի իրատեսականությունը։ Ի վերջո, ցանկացած որոշում կայացնելու ենք բոլորով՝ մեր քվեով: Հիմա այդ պահը չէ: Հիմա օրակարգում միայն մեկ հարց կա՝ հնարավորինս արագ փրկել երկիրը: Այդ թվում՝ Արցախը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում