Վարչապետի աթոռին կառչած անձը մարմնավորում է ժողովրդական հեքիաթների բոլոր բացասական և ծիծաղելի կերպարներին՝ «Քաջ նազար», «Անբան Հուռի», «Սուտլիկ որսկան», սա ողբերգություն է. Իշխան Սաղաթելյան


Վարչապետի աթոռին կառչած անձը մարմնավորում է ժողովրդական հեքիաթների բոլոր բացասական և ծիծաղելի կերպարներին՝ «Քաջ նազար», «Անբան Հուռի», «Սուտլիկ որսկան», սա ողբերգություն է. Իշխան Սաղաթելյան
Փետրվար 22 19:29 2021

Ծերունի ավազակի և իրենց թիմի վրա տասը հազար հայի արյուն կա, 4000 մարդ մահացել է կորոնավիրուսից, 6 հազարից ավել կորցրել ենք պատերազմի ժամանակ, կորցրել ենք հայրենիքի մի մասը, եթե այսքանից հետո մտքներով անցնում է, որ կարող են մի հատ էլ ժողովրդի վրա կրակել, չարաչար սխալվում են, թույլ չենք տալու նման սադրանքներով ահաբեկել ժողովրդին,  կազմակերպված ձևով քշելու ենք այս իշխանությանը. այսօր «Հայրենիքի փրկության շարժման» երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ եթե քաղաքացիները մտածում են, որ շենքերը պետք է գրավել, պետք է մտածեն, որ իրենց վրա կարող են կրակել:

«Այդ «ծերունի ավազակը» և մյուսները թող մտածեն տարբեր դեսպանատների հետ  բանակցություններ վարելով քաղաքական ապաստան ստանալու մասին, իրենք լավ գիտեն, որ պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն, պահեն իրենց իշխանությունը, հակառակ դեպքում ամեն ինչի համար պատասխան են տալու: Տվյալ անձը երկրաշարժի թալանից մինչև այսօր ինչ արել է և այս օրերին էլ իր գործընկեր պատգամավորների նկատմամբ, այն շանտաժները, որ իրականացնում  է, նաև դրա համար պետք է պատասխան տա»,- նշեց նա:

Հարցին, թե Անդրանիկ Քոչարյանի ասածը միայն սպառնալի՞ք եք դիտարկում, թե կարծում եք ի վիճակի են ժողովրդի վրա կրակելու, Սաղաթելյանը պատասխանեց՝ իր կարծիքով այս իշխանությունն ամեն ինչի ընդունակ է, բայց երբ կրակելուց են խոսում, այդ կրակը պետք է ուղղեին դեպ թշնամին, ոչ թե սպառնային սեփական ժողովրդին:

Հարցին, թե հանրահավաքի մարդիկ ավելի ռադիկալ քայլերի կողմնակից են՝ ապստամբել և իշխանութունը վերցնել, հաշվի նստո՞ւմ եք այդ տեսակետների հետ, Սաղաթելյանը նշեց, որ կիսում են քաղաքացիների զայրույթը, բայց պետք է հետևողական ծրագրավորված աննահանջ պայքարի արդյունքում հասնեն Կառավարության հեռացմանը:

Նա նշեց, որ նոյեմբերի 10-ից սկսած շարժման բոլոր ղեկավարների վրա մի քանի քրեական գործեր կան, բայց դրանով չեն կարող հետ պահել ժողովրդին. «Թող այդ քրեական գործերը դնեն այն քրեական գործերին, որ հարուցվելու է իրենց վրա՝ պետական դավաճանության հոդվածով: Բայց ժողովրդին, ամբողջ ազգին պե՞տք է  ձերբակալեն, որ պահեն իշխանությունը, չի կարող հայ ժողովրդին ղեկավարել իր սեփական ժողովրդին կոտորած, դավաճանած իշխանությունը»:

Հարցին, եթե ղեկավարներին ձերբակալեն, վստա՞հ եք, որ ժողովուրդը կշարունակի հանրահավաքը, Սաղաթելյանը նշեց, որ վստահ է, որ այդ դեպքում ժողովրդի քանակը կկրկնապատկվի, որովհետև բռնապետություն հաստատելու ճանապարհով հնարավոր չէ պահել իշխանությունը. «Վարչապետի աթոռին կառչած անձը մարմնավորում է մեր ժողովրդական հեքիաթների բոլոր բացասական և ծիծաղելի կերպարները միաժամանակ՝ «Քաջ նազար», «Անբան Հուռի», «Սուտլիկ Որսկան»․ սա ողբերգություն է, երկրի վարչապետը բոլորի մարմնացումն է»:

 

 

 

 

 

   

 



loading...