44 գերիների վերադարձից հետո պետությունն անուշադրության է մատնել նրանց. վերադարձած գերու քույր


44 գերիների վերադարձից հետո պետությունն անուշադրության է մատնել նրանց. վերադարձած գերու քույր
Հունվար 25 10:21 2021

«44 գերիների վերադարձից հետո պետությունն անուշադրության է մատնել նրանց։ Բազմաթիվ խնդիրներ ու բացթողումներ կան, որոնք լուծում են պահանջում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստան վերադարձած գերիներից մեկի քույրը՝ Ռուզաննա Հակոբյանը, որը ներկայումս զբաղվում է գերիների ու անհետ կորածների խնդիրներով։ «Վերադարձած գերի կա, որ առողջական խնդիր ունի, վիրահատվել է, բայց հետվիրահատական ամբողջ շրջանը վճարովի է և նա, նրա ընտանիքը պատրաստ չեն դրան, այդ ծանրությանը։ Դեպք կա, որ գերին քիթը վիրահատել է, բայց հիմա երիկամների ու նյարդերի հետ կապված խնդիր ունի, բայց իրեն ասում են, որ ինքը դուրսգրման մեջ է և նրա հաջորդ բոլոր այցելությունները վճարովի են լինելու։ Հոգեբանների աշխատանք չկա հիմա բացարձակապես։ Միայն Հայաստան վերադառնալու օրը բուժզննում են անցել, հոգեբանի մեկ այցելություն և վերջ։ Իսկ մեկ այցելությունից հաստատ որևէ գերու հոգեվիճակ չի կարգավորվելու։ Դա անհնար է։ Մի խոսքով, գերիների ընտանիքները թողնված են ինքնահոսի վիճակում, բայց այդպես չպետք է լինի։ Նրանց ընտանիքների, նրանց վիճակը պետք է բարելավվի»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկ ունեն կառավարությանը, ըստ որի՝ բոլոր գերիների ու անհետ կորածների հարազատները միավորվում են և իրենց մշակած ծրագրերի միջոցով փորձելու են օգնել բոլորին։ «Մենք բոլոր ընտանիքներով համախմբված ենք, փորձում ենք օգնել տղաներին ամեն ինչով, բայց պետք է հասկանալ, որ գերության մեջ դեռ հարյուրից ավելի քաղաքացիներ կան, նրանց մեջ կանայք կան, ու նրանց վերադարձից հետո չպետք է լինի այս վերաբերմունքը։ Գերիները պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի։ Այս անտարբերությունն աններելի է։ Ընտանիքներին խելացի ու գրագետ օգնություն է պետք»,- ասաց Ռուզաննան՝ ավելացնելով, որ եթե փոքրիկ տարածք լինի, ապա իրենք գրասենյակ կունենան, անհետ կորածների, գերիների հարազատները կդիմեն այդտեղ, նաև բարեգործական ֆոնդ կստեղծվի ու օգնություն կտրամադրվի կարիքավորներին։ «Շատ դեպքեր կան, ընտանիքներ ենք մտնում, որ որդին անհետ կորած է, բայց մայրը անորոշությունից որդու շորերը թաղել է, գերեզման է սարքել ու այցելում է իր հոգու հանգստության համար։ Սա շատ լուրջ հարց է, ու պետությունը նման հարցերին պատշաճ ուշադրություն չի դարձնում։ Սա կարևոր հարցերին մատների արանքով նայելու հետևանք է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

 

Ռուզաննայի խոսքերով, բացի Հայաստան վերադարձած գերիներից, շատ վատ վիճակում են ներկայումս գերության մեջ գտնվողների ընտանիքները. «Ընտանիք կա, որ բազմաթիվ վարկեր ունի, և ընտանիքի միակ աշխատողը գերության մեջ է։ Դեպք գիտեմ, որ քաղաքացիական անձը գերեվարվել է, բայց դրանից առաջ վարկ է վերցրած եղել, մեքենա է գնել, բայց հիմա այս պահի դրությամբ ոչ մեքենա կա, ինքն էլ գերության մեջ է, իսկ ընտանիքը պետք է վճարի այդ վարկը։ Սրանք էլ են լուրջ հարցեր։ Այս ընտանիքները ոչ մի պարագայում չպետք է անուշադրության մատնվեն»,- եզրափակեց Ռուզաննա Հակոբյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի