Այս մարդիկ չեն հասկացել՝ պատերազմի վերսկսումը միայն մեզնից չէ կախված. Ադրբեջանը, Թուրքիան պատերազմից հետո հայտարարեցին հարվածի հաջորդ ուղղությունների մասին. Աբրահամյան


Այս մարդիկ չեն հասկացել՝ պատերազմի վերսկսումը միայն մեզնից չէ կախված. Ադրբեջանը, Թուրքիան պատերազմից հետո հայտարարեցին հարվածի հաջորդ ուղղությունների մասին. Աբրահամյան
Հունվար 15 23:49 2021

Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերվածով չեն բավարարվում և պատերազմից հետո բաց տեքստով հայտարարեցին հարվածի հաջորդ ուղղությունների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլւծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությանն առ այն, որ տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք, և որ ինքը այս մտածողությունը համարում է հետադիմական և վնասակար:

«Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն։

Այս մարդիկ չեն պատկերացնում, որ պատերազմի վերսկսումը միայն մեզանից չէ կախված։

Այս մարդիկ այդպես էլ չիմացան, թե ինչ է բանակը և ինչ դեր ունեն նրա մասնիկը համարվող մարդիկ՝ ժամկետայինները, պայմանագրայինները, սպաները։

Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը, սրանք հաղթանակի մասին նույնիսկ վախենում են մտածել կամ գուցե երազել՝ ոնց կուզեք հասկացեք, որովհետև իրենց համար առաջնայինը ոչ թե հայրենիքն է, մեր հողն ու ջուրը, մեր զոհված ընկերների ստեղծածը, այլ սեփական պաշտոնն ու բարեկեցությունը։

Հենց այսպես էլ սեփական կաշին փրկելու համար ոչնչացնում են ամեն ինչ՝ ազգային արժանապատվությունից մինչև պետական ինստիտուտներ, արժեքներ, մարտիկի ոգի, սրբություն չգիտակցելով, որ մեկ է՝ բոլորս միևնույն նավում ենք և հաջորդ հարվածների ծանր հետևանքները բոլորս ենք զգալու, այդ թվում՝ իրենք»,- գրել է Աբրահամյանը։



loading...