Հայաստանում տոտալ ոչնչացված է ցանկացած հեղինակութուն․ Վազգեն Մանուկյան


Հայաստանում տոտալ ոչնչացված է ցանկացած հեղինակութուն․ Վազգեն Մանուկյան
Հունվար 15 22:23 2021

Գյումրիում այսօր՝ հունվարի 15-ին, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանից քաղաքացին հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ անհրաժեշտ է համահայաստանյան ստորագրահավաք անել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ի պատասխան Մանուկյանն ասաց․

«Այդ առաջարկությունը վաղուց է դրված մեր խորհրդի սեղանին եւ քննարկումներ եղել են։ Պլյուսն ու մինուսը չափվել են, առայժմ օդի մեջ կախված է, չեմ բացառում, որ կարող է այդպիսի բան լինել»։

Քաղաքացին նաեւ հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ պետք է սահմանվի բարձր ընտրական ցենզ ընտրովի բոլոր պաշտոնների համար, ինչպես նաեւ ընտրողների համար։

«Կարծում եմ, որ ընտրվողների վերաբերյալ ցենզը պետք է բարձրացնել։ Ամեն մարդ իրավունք չունի որոշ պաշտոնի։ Օրինակ, ես կարծում եմ, որ եթե որեւէ մեկը բարձրագույն կրթություն չունի, իրավունք չունի երկրի ղեկավար դառնալ։ Ինչ վերաբերվում է ընտրողներին․․․ Չերչիլը մի անգամ ասել է՝ եթե ուզում ես դեմոկրատիայից հիասթափվել հինգ րոպե խոսի սովորական ընտրողի հետ, եւ կհասկանա, թե էդ մարդը ոնց է ընտրելու իշխանություն, բայց այդ ցենզերը ժամանակին եղել են։ Օրինակ, երկու դար առաջ Անգլիայում բնակչության 1, 7 % իրավունք ուներ քվեարկելու։ Այն ժամանակ, եթե ինչ-որ մեկը ունեցվածք չուներ իրավունք չուներ քվեարկելու, որովհետեւ եթե դու ունեցվածք ունես, դու շահագրգռվածություն  ունես, եթե ոչ մի բան չունես, քեզ փողով կառնեն, էդ փողով առնելը իրենց մոտ էլ է եղել։ Ժողովրդավարության զարգացման հետ միասին այդ ցենզերն իջան, որովհետեւ վերջ ի վերջո պարզվեց, որ միայն էդ հողով չի, որ մարդ հարուստ է։ Մեր մոտ այդպիսի բան մտցնելը  շատ դժվար կլինի, եւ երեւի իմաստ չունի գկուխ ջարդել դրա վրա»,- նշեց նա»

Վազգեն Մանուկյանը նաեւ առաջարկեց, որ ոչ թե սահմանափակումներ մտցվեն, այլ այնպիսի կրթական համակարգ լինի, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն, իսկ եթե ոչ, ապա գոնե լսեն հեղինակությունների։ Օրինակ, ըստ նրա՝ Հայաստանում հիմա որեւէ հեղինակություն չկա։

«Հայաստանում տոտալ ոչնչացված է ցանկացած հեղինակութուն։ Հենց մեկը մի քիչ բարձրանա իր հեղինակությամբ, փեշերից կքաշեն կիջեցնեն ներքեւ»,- նկատեց նա։