Մարդկանց ցավի վրա ՔՊ-ն փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել. Արթուր Խաչատրյան


Մարդկանց ցավի վրա ՔՊ-ն փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել. Արթուր Խաչատրյան
Հունվար 15 21:42 2021



Հայաստանը հավասարը հավասարի պես չի բանակցում Ադրբեջանի հետ, հաղթողը պարտվածին երբեք փոխշահավետ բան չի առաջարկի։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները ցույց են տվել, որ չեն կարողանում գերիների վերադարձի հարցը լուծել, ունակ չեն։

«Պարզ տրամաբանություն է՝ եթե նրանք մտածեին գերիների մասին, նրանց վերադարձի հարցը գոնե առաջինը կլիներ օրակարգում։ Իրենք իրենց հնարավորությունը բաց թողեցին, դա կա՛մ դավաճանության, կա՛մ կատարյալ ապիկարության հետեւանք էր։ Պետք է գան նոր ուժեր, որոնք պարտվածի բարդույթից ազատ կլինեն եւ կկարողանան այդ հարցը լուծել»,-ասաց Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե իրենք պնդում են՝ նոր ուժեր պետք է գան, սակայն իշխանությունը նրանց «նախկին» է ասում, Խաչատրյանն արձագանքեց՝ իշխանությունը «նախկին» է պիտակավորում ցանկացած մեկին, որն իր դեմ է․

«Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել են ԲԴԽ անդամ, նրանից ավելի նախկին հնարավո՞ր է պատկերացնել։ Իրենք իշխանությունում շատ նախկիններ կան։ Ով իրենց հետ չէ, նախկին է։ Անընդհատ շրջանառում են՝ «30 տարվա ընթացքում», այսինքն՝ վարկաբեկում անկախության գաղափարը։ Այսինքն՝ անկախության տարիներին Հայաստանում բոլորը վա՞տն են եղել։ Այս պայմաններում, եթե մենք ունենք ինքնիշխանության զգալի նվազում, հիմա էլ խփում ենք անկախությանը, անկախ պետականության գաղափարին՝ աթոռը պահելու համար»,-ասաց նա։

Անդրադառնալով ճանապարհները ապաշրջափակելուն՝ Խաչատրյանը նշեց, թե Հայաստանը հավասարը հավասարի պես չի բանակցում Ադրբեջանի հետ, եւ ակնկալել, որ կլինի փոխշահավետ գործարք, հնարավոր չէ։ «Հաղթողը պարտվածին երբեք փոխշահավետ բան չի առաջարկի, դա բլեֆ է»,-ասաց նա։

«Ենթակառուցվածքային հարցեր, առեւտրի հարցերի մասին խոսում է միայն խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, քանի դեռ մեր միջեւ կա կոնֆլիկտ, ինչպե՞ս են առեւտրի մասին խոսում։ Եթե որեւէ խնդիր առաջանա, այդ խնդիրները վայրկյանական կփակվեն։ Եթե սահմանները բացվեն, շատ ավելի վատ կլինի. գյուղատնտեսական արտադրանքը Թուրքիայից եւ Ադրբեջանից կգա, կլցվի Հայաստան։ Նայեք՝ իրենք ինչքանով են սուբսիդավորում իրենց գյուղատնտեսությունը, մենք՝ ինչքանով»,- ընդգծեց նա։

 

Անդրադառնալով Գյումրու ճանապարհին մի քանի քաղաքացիների կողմից «Հայրենիքի փրկության շարժման» անդամների տեղաշարժը կանգնեցնելուն եւ շրջանառվող լուրերին, թե սադրանք է արվել ՔՊ-ի կողմից, Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Այն, որ ՔՊ-ի կողմից պետք է սադրանք լիներ, բնական էր։ Շատ տգեղ խաղ են խաղում՝ հաշվի առնելով, որ Շիրակից 60-ից ավելի գերեվարված անձինք կան, լուրեր են տարածում, որ եթե ընդդիմությունը գա, կասի՝ եթե ձեր երեխաներին եք ուզում, գնացեք Նիկոլից ուզեք։ Շատ տգեղ բան են անում, փորձում են իրենց կատարած ձախողումը կոծկել եւ մարդկանց ցավի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել»,-ասաց նա։