Նիկոլը պրոյեկտ է, չե՞ք տեսնում շղթայաձեւ թավշյա հեղափոխություններ են լինում․Վազգեն Մանուկյան


Նիկոլը պրոյեկտ է, չե՞ք տեսնում շղթայաձեւ թավշյա հեղափոխություններ են լինում․Վազգեն Մանուկյան
Հունվար 15 21:04 2021



Ես համաձայն եմ, որ Նիկոլ Փաշինյանը պրոյեկտ է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Ես համաձայն եմ, որ Նիկոլը պրոյեկտ է։ Դուք չե՞ք տեսնում շղթայաձեւ թավշյա հեղափոխություններ են լինում։ Լիբիան աշխարհի ամենասոցիալական ապահովված երկիրն էր՝ կործանվեց, խարտոցով էլ ղեկավարին խփեցին։ Թունիսում, բարեբախտաբար, նորմալ անցավ։ Եգիպտոսում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում ի՞նչ եղավ։ Մարդ պետք է հիմար լինի, որ չտեսնեի, որ այդ ամենի հետեւը մի ձեռք է թաքնված, սրա հետեւն էլ էր ձեռք թաքնված»,- ընդգծեց Մանուկյանը։

Ըստ նրա՝  պոստսովետական տարածքում դրսի ուժերը հարցեր են լուծում։

 

«Ի՞նչ հարց են լուծում, պոկել Ռուսաստանից։ Իրենց հակառակորդը Ռուսաստանն է, ըստ այդմ՝ նպատակն է պոկել Ռուսաստանից, Արաբական աշխարհում ուրիշ խնդիր են լուծում։ Եթե նայեք Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը, կտեսնեք, որ ուղղված է դրան։ Ե՛վ Ռուսաստանի, եւ՛ Չինաստանի, եւ՛ Իրանի հետ հարաբերություններում դա ուղղորդվում էր։ Խնդիրը հետեւյալն է՝ մենք կարո՞ղ ենք դառնալ այնպիսի պետություն, այնպիսի դաստիարակություն տալ մեր երիտասարդներին, որ իրենք չկարողանան օգտագործվել որպես զենք հենց մեկ երկրի համար, դա շատ դժվար է, բայց  անվտանգությունը պահանջում է, որ մենք դրանով զբաղվենք»,- ասաց նա։