Ինձ այս պահին վարձատրությունը այդքան էլ չի հետաքրքրում․ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն հանդիպել է «Իմ քայլի» հետ


Ինձ այս պահին վարձատրությունը այդքան էլ չի հետաքրքրում․ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն հանդիպել է «Իմ քայլի» հետ
Հունվար 15 19:10 2021

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ հանդիպում է ունեցել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանի հետ։

Հանդիպումից հետո Թադեւոսյանը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց․

«Ինձ այս պահին վարձատվությունը այդքան էլ չի հետաքրքրում, ես ողջունում եմ ցանկացած քայլ, որը միտված է դատական իշխանության ծանրաբեռնվածության բեռնաթափմանը։ Այսօր դատական իշխանությունը աշխատում է գերծանրաբեռնված եւ կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անել օրենսդրական ճանապարհներով, տարբեր լուծումներ գտնելով բեռնաթափելու դատական իշխանությանը, որպեսզի մենք ունենանք արդյունավետ եւ որակյալ արդարադատություն»։

Անդրադառնալով մասնագիտացված դատարաններ ունենալու անհրաժեշտությանը, Թադեւոսյանն ասաց, որ ինքը կողմնակից է ցանկացած մոտեցման, որը միտված է դատական իշխանության ծանրաբեռնվածությունը թեթեւացնելուն։

Ըստ նրա՝ մինչդատական վարույթի գործերը շատ են եւ դրան  ժամանակ են տանում այն դատավորներից, որոնք բացի այդ գործերից, նաեւ այլ գործեր են քննում, ինչն էլ հաճախ հանգեցնում է արդարադատության ձգձգման։

«Կարծում եմ, որ արդյունավետ կլինի, եթե մասնագիտացված դատավորները զբաղվեն այդ աշխատանքով, իսկ մյուս դատավորներն էլ կենտրոնանան մյուս գործերի վրա եւ ոչ թե մինչդատական վարույթի գործերի վրա։ Կարծում եմ, որ այդ դեպքում մենք կկարողանանք ապահովել ողջամիտ ժամկետների պահպանման  պահանջը։

Նշենք, որ Լիլիթ Թադեւոսյանը նախօրեին հանդիպել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների  հետ։ Իսկ թե «Բարգավաճ Հայաստանի» հետ երբ կհանդիպի, նա ասած, որ չգիտի, ինքը պատրաստակամություն է հայտնել, որ կհանդիպի նաեւ նրանց հետ, բայց դեռ պատասխան չի ստացել։

Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն ընտրվել է ՀՀ վճռաբեկ  դատարանի նախագահի թեկնածու: