Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել․ երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաև դեղամիջոցը. «Ժողովուրդ»


Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել․ երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաև դեղամիջոցը. «Ժողովուրդ»
Հունվար 15 09:07 2021

«Հայաստանյան դեղատների գործելաոճը, կարծես թե, վերահսկողությունից դուրս է մնացել, երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաև դեղամիջոցը: Եվ ամենակարևորը՝ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում: Այսօր հայաստանյան դեղատնե­րում հասարակ ջերմաչափը ոսկու գին ունի: 

Եթե նախկինում ջերմաչափը վաճառվում էր 500-600 դրամով, ապա հիմա այն արժե 1200-1400 դրամ: Իսկ երբ սպա­ռողը բացատրություն է պահանջում դեղատան աշխատողից, ստանում է հետևյալ պատասխանը. «Պահանջարկն ավելացել է»: Օրինակ՝ «Տերաֆլյու», «Անտիգրիպին» հակավիրուսային թեյերի գները բարձրացել են 10-20 դրամով: Բացի այս, արձանագրենք, որ թանկացել են նաև սիրտ-անոթային հիվանդությունների հա­մար կիրառվող դեղերը: Միակ կարևոր նորությունը՝ հակաբիոտիկների գները չեն բարձրացել, բայց չշտապենք, քանի որ որոշ հակաբիոտիկների դեֆիցիտ կա դե­ղատների մեծ մասում: «ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների խոսքերով՝ «Ցեֆտրիաքսոն» հակաբիոտիկը, որը կիրառվում է մի շարք բակտերիալ վա­րակների բուժման համար, դեղատների մեծ մասում այս օրերին մեծ դժվարությամբ է հնարավոր գտնել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրենք գների զսպման գործառույթ չունեն դեղերի շուկայում: 

Իսկ, ահա, ՀՀ տնտեսական մրցակ­ցության պաշտպանության պետական հանձնաժողովից վստահեցրին, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են: Ասել է թե՝ բանը բանից անցել է, բայց ՏՄՊՊՀ-ն դեռ ուսումնասիրում է: Անգամ հանձնաժողովը օնլայն հարցում է անցկացնում սպառողների շրջանում դեղերի սպառման վերաբերյալ: Իսկ երբ է գալու գործելու ժամանակը՝ դեռևս հայտնի չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...