«Ալիևը 2 կարևոր խնդիր է լուծելու». Վազգեն Մանուկյանը խոսել է Մոսկվայի հանդիպման մասին


«Ալիևը 2 կարևոր խնդիր է լուծելու». Վազգեն Մանուկյանը խոսել է Մոսկվայի հանդիպման մասին
Հունվար 13 21:10 2021

Վարչապետի` ընդդիմության միացյալ թեկնածու Վազգեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանը, ինչպես նաև խոսել է հետպատերազմյան կարևոր իրողությունների մասին։

Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ` Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր կետերը բավարարում են Ադրբեջանին, հետևաբար Ալիևը փորձելու է լուծել երկու խնդիր։ Մեկն այն է, որ ձգտելու է կամաց–կամաց կուլ տալ, մարսել Արցախը, իսկ երկրորդ խնդիրն առնչվում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այսինքն` Նախիջևանն Ադրբեջանին կապելու հարցը, որպեսզի ճանապարհը վերահսկելի լինի, և Հայաստանի ինքնիշխանությունը դրա վրա չտարածվի։   

«Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, բայց այժմ մեր երկրի դիմադրությունը բոլոր հարցերում հավասար է զրոյի, այն չի կարող որևէ հարց լուծել։ Նույնիսկ գերիների հետ կապված ամենաանմեղ հարցը, որն ամրագրված է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետում, չլուծվեց, նույնիսկ ձևի համար գերիների նոր խումբ չտվեցին։ Այսինքն` ինչ ուզում, անում են։ Այդ տեսակետից Հայաստանը խայտառակ պարտություն կրեց բանակցությունների ընթացքում, և չի էլ կարող պարտություն չկրել, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Պարտված, վախեցած ու ջարդված վարչապետին ինչ էլ ասեն, կանի»,– նշեց Մանուկյանը։

Նրա կարծիքով` հայ ժողովրդին գայթակղում են կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, բայց իրականում այն, ինչ օգուտ է Հայաստանին, չի աշխատելու, որովհետև Հայաստանն այն վիճակում չէ, որ առաջ տանի իր խնդիրները։

Ընդդիմադիր դաշտից վարչապետի միացյալ թեկնածուն խոսել է նաև ներքաղաքական զարգացումների, դրանց հնարավոր հանգուցալուծման, իրենց հետագա քայլերի և արտահերթ ընտրությունների անցկացման պայմանների մասին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։



loading...