«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու խորհրդարանի հայտարարության նախագիծ


«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու խորհրդարանի հայտարարության նախագիծ
Հունվար 13 17:55 2021

Ազգային ժողովի հայտարարության նախագծի համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի: Այս մասին հունվարի 13-ին Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ հաշվի առնելով հակառակորդի կողմից Ղարաբաղի Պաշտպանական բանակի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը թիրախավորելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված եւ նոյեմբերի 10-ին ավարտված ակտիվ պատերազմական գործողությունների հետեւանքները, նկատի առնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրմանը հաջորդած հասարակական-քաղաքական զարգացումները եւ դրանց հնարավոր հետեւանքները, տեսնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի վաղ հնչեցված անթույլատրելի բռնության կոչերը եւ պատասխանատվություն ստանձնելու նրա բացարձակ անկարողությունը, վերլուծելով Հայաստանի Կառավարության անդամների, այդ թվում` պաշտոնաթող, ինչպես նաեւ տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան աշխատակիցների կողմից ներկայացվող փաստական հանգամանքները` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշում է ընդունել  խորհրդարանի քննարկմանը ներկայացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիրը:

Մարուքյանն այնուհետեւ ներկայացրեց իրենց մշակած «ճանապարհային քարտեզը».

«Առաջին՝ պարտության սիմվոլ Հայաստանի վարչապետը հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Խորհրդարանն ընտրում է նոր վարչապետ: Ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն: Երկրորդ՝ ապահովվում հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակ»,- շեշտեց Մարուքյանը:

Դրանից բացի, նախատեսվում է բանակցություններ նախաձեռնել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ավելի վաղ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ՝ այդ հարցի հայանպաստ լուծման հասնելու նպատակով: Ապահովվելու է բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, ինչպես նաեւ երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերն արտահայտող հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով:

Առաջարկվում է համախմբել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ներուժը, կայունացնել երկրի ներքին իրավիճակը, ապահովել իշխանության եւ ընդդիմության կողմնակիցների հետագա բախումների դադարեցումը, վերականգնել հանրային համերաշխությունը, բացառել պառակտող գործողությունները, բռնության կոչերը եւ թշնամանքի լեզուն:

Ապահովել պետական ինստիտուտների վերականգնումն ու ամրապնդումը, ինչպես նաեւ իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգումը, երկրում կարգուկանոնի ամրապնդումը` հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով:

Առաջարկվում է զբաղվել զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների, քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովմամբ:

Նախատեսվում է զբաղվել արցախահայության, այդ թվում` փախստականների սոցիալական խնդիրների եւ կարիքների անհապաղ լուծմամբ, ինչպես նաեւ ապահովել Արցախում կենսագործունեության պայմանների վերականգնումը:

«Լուսավոր Հայաստանում» նաեւ համոզված են, որ անհրաժեշտ է ապահովել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում: Դրանից բացի, նախատեսվում է կազմակերպել միջազգային դոնորների համաժողով` հրավիրելով ԱՄՆ-ին, Չինաստանին, Ռուսաստանին, ԵՄ 27 երկրներին, Իրանին, արաբական երկրներին եւ այլ երկրների: Դրանից բացի, պատերազմի հետեւանքով Հայաստանի եւ Արցախի ավերված հատվածների վերականգնման համար նախատեսվում է ներգրավել առնվազն 1 մլրդ դոլար:

Մարուքյանի կարծիքով՝ չափազանց կարեւոր է հիմնարար փոփոխություններ կատարել նաեւ հայկական դիվանագիտական թիմի աշխատանքում, վերաիմաստավորել երկրի արտաքին քաղաքականությունը, ապահովել նախաձեռնողական քաղաքականության վարում ինչպես դաշնակից, այնպել էլ այլ պետությունների հետ:

Դրանից բացի, նա առաջարկում է զբաղվել տնտեսության ու բանակի վերականգնման ազգային հեռանկարային ծրագրի մշակմամբ, ապահովել դրանց կայուն զարգացումը:

Առաջարկվում է ապահովել ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Հայաստանի ներկայիս Կառավարության ծրագիրն արդեն չի համապատասխանում առաջնահերթ հարցերին եւ նոր իրողություններին, որոնց պատերազմից հետո բախվել են Հայաստանի եւ Արցախի ժողովուրդները, եւ որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն»,- ամփոփեց Էդմոն Մարուքյանը:



loading...