Փորձագետ. Հայաստանի պետական ապարատում նախատեսվում է պարգեւավճարները 18,5 մլրդ դրամով ավելացնել. սա խայտառակություն է


Փորձագետ. Հայաստանի պետական ապարատում նախատեսվում է պարգեւավճարները 18,5 մլրդ դրամով ավելացնել. սա խայտառակություն է
Դեկտեմբեր 9 22:52 2020

Ռազմական ծախսերը պետք է ավելացնել պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատելու հաշվին: Փոխարենը, ծախսերի այս հոդվածը գրանցել է 8,8% աննախադեպ աճ, մինչդեռ հաջորդ տարվա ռազմական ծախսերը նախատեսվում է ավելացնել միայն 1,3%-ով: Սա անհեթեթություն է ու խայտառակություն:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Ըստ նրա, ընդհանուր կառուցվածքում ռազմական ծախսերը կազմում են 16,2%, պետական ապարատի պահպանման ծախսերը` շուրջ 360 մլրդ դրամ (մոտ 20%), ընդ որում՝ պարգեւավճարները նախատեսվում է ավելացնել 18,5 մլրդ դրամով:

«Ակնհայտ է, որ այդ ցուցանիշները պետք է ճշգրտվեն՝ 20%-ը պետք է ուղղվի ռազմական կարիքներին, իսկ ուռճացած պետական ապարատի պահպանման ծախսերը չպետք է ավելանան, այլ ավելի շուտ կրճատվեն 8,8%-ով»,- հավելեց նա: Փորձագետը նշեց, որ, ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունները Արցախում պատերազմի հետեւանքների լրջությունը, կարծես, չեն գիտակցում: «Այս մասին է վկայում նաեւ այն փաստը, որ բյուջեի նախագիծը մշակվել է նույն տրամաբանությամբ, ինչ որ արվել է վերջին տասնամյակների ընթացքում: Չնայած նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացմանը (ավելի քան 400 միլիոն դոլարով), պետք է հասկանալ, որ դա Ադրբեջանի ծախսերի համեմատ շատ քիչ է: Հաշվի առնելով, որ լարվածությունը պահպանվում է, առաջիկա տարիներին ռազմական ծախսերի տրամաբանությունը պետք է բոլորովին այլ լինի»,- եզրափակեց Մարգարյանը:



loading...