Չի կարելի որեւէ պարագայում երկրում իրականացնել ռազմական հեղաշրջում. Արթուր Վանեցյան


Չի կարելի որեւէ պարագայում երկրում իրականացնել ռազմական հեղաշրջում. Արթուր Վանեցյան
Դեկտեմբեր 3 00:10 2020



ՀՀ-ում այսօր կա խորը քաղաքական ճգնաժամ: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Եւ այդ ճգնաժամի ցուցիչը հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց քանակով չի, որ պետք է միայն գնահատվի: Բողոքի ակցիաները շատ ակտիվ իրականացվում են ամենօրյա ռեժիմով, շատ դեպքերում դրանք լինում են ինքնաբուխ, կուսակցությունների կողմից կազմակերպված, բայց այդ միջոցաոումներին միանում են շատ-շատ քաղաքացիներ առանց կուսակցական պատկանելիության: Մենք ակտիվ աշխատում ենք շատ քաղաքական, պետական գործիչների հետ, մտավորականության հետ, հանրության շրջանում լայն ճանաչում եւ հարգանք ունեցող անձանց հետ եւ այդ աշխատանքի արդյունքում ես կարող եմ հստակ ասել մեկ բան` հասարակության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա: Բոլորին հուզում է մեկ հարց` ով է լինելու հաջորդ վարչապետը: Իհարկե, այդ հարցը շատ կարեւոր է, բայց սա զուտ քաղաքական պայքար չէ, սա պայքար է հանուն մեր հայրենիքի փրկության, որովհետեւ իրականում վտանգված է մեր հայրենիքը, մեր պետությունը եւ մեր պետականությունը»,-ասաց նա:

Վանեցյանի խոսքով` այս պրոցեսի վերջում է երեւալու, թե մենք ունենալու ենք անկախ պետականություն, ունենալու ենք Արցախի Հանրապետություն, ունենալու ենք անվտանգային միջավայր, որտեղ մարդիկ անվտանգ են ապրելու:

Հարցին, թե ինչու Վանեցյանը ժամանակին լինելով ԱԱԾ ղեկավար չբռնեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը, թեկուզ եւ ռազմական հեղաշրջման միջոցով, Վանեցյանը պատասխանեց, որ ռազմական հեղաշրջումը երկրի համար լավ ընթացք չէ:

«Այն երկրներում, որտեղ լինում է ռազմական հեղաշրջում, այդ երկիրն ունենում է հետընթաց, չի կարելի որեւէ պարագայում երկրում իրականացնել ռազմական հեղաշրջում: Մենք ունեն Սահմանադրություն, օրենքներ եւ մենք պետք է առաջնորդվենք օրենքններով, օրենքններ խախտելը լավ բան չէ: Ինչի չեմ արել, որովհետեւ դա կդիտվեր ռազմական հեղաշրջում եւ հանրությունը չէր հասկանա»,- հավելեց նա:

 

Վանեցյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շարունակելու դեպքում մենք կորցնելու ենք Հայաստանի Հանրապետությունը:



loading...