Ստի 44 օրերը. ինչպես էին մոլորեցնում «հպարտ» քաղաքացիներին


Ստի 44 օրերը. ինչպես էին մոլորեցնում «հպարտ» քաղաքացիներին
Նոյեմբեր 27 23:23 2020

Lurer.com-ը գրում է․ 

Սյսօրվա իր ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիմանեց քաղաքացիներին՝ պաշտոնական լրատվությանը չվստահելու համար: Վարչապետը պնդեց, որ պատերազմի օրերին հանրությանը մատուցվել է միայն ու միայն ճիշտը՝ պարզապես դա արվել է պատերազմական լեզվով: Այլ կերպ ասած` Փաշինյանը հասկացնում է՝ մեղավորը հասարակությունն է, որ չի հասկացել պաշտոնական խողովակներով եկող մեսիջները:

Մինչդեռ ակնհայտ է, որ պաշտոնական զեկույցները հակասության մեջ էին և մեջ են հաղորդակցման անկախ ալիքների հետ, որոնք այժմ հասանելի են յուրաքանչյուրին:

Երկար ժամանակ հանրությանը մոլորեցնում էին հաղթելու ենք հեշթեգով և ընդամենը մեկ գիշերվա մեջ կանգնեցրին հայրենիքը կորցնելու փաստի առջև: Օրինակ՝ պատերազմից հետո հայտնի դարձավ, որ Շուշին ընկել էր նոյեմբերի 7-ին: Նոյեմբերի 9-ի երեկոյան այդ մասին հայտնեց Արցախի նախագահի խոսնակը, սակայն ՊՆ-ն հերքեց՝ ՊԲ խոսնակը նույն այդ օրը ասուլիսի ընթացքում հայտարարում էր մեր բանակի հաջողությունների մասին, իսկ վարչապետ Փաշինյանը գրառում էր անում, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են: Սա էր պաշտոնական տեղեկատվությունը, որը հետագայում, ինչպես տեսանք, հերքվեց: 

Նույն վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ բանակցությունների ընթացքում հանգել էին մի կետի, որ ցանկացած պարագայում Շուշին պետք է հանձնվեր: Փաշինյանի այս հայտարարությունը սկզբում հերքեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ով հստակ գրառում արեց՝ հայտարարելով, որ բանակցությունների և ոչ մի փուլում Շուշին զիջելու հարցը չի քննարկվել: Այնուհետև Փաշինյանին էլ ավելի լուրջ քաղաքական ապտակ հասցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով փաստացի հաստատեց՝ Շուշին հանձնելը եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը: 

Պատերազմի օրերին վարչապետը հայտարարում էր՝ տասնյակ հազարավոր կամավորներ են ցուցակագրվել ռազմաճակատ մեկնելու համար: Պատերազմից հետո սկսեց խոսել մոբիլիզացիոն խնդիրների մասին, այն մասին, որ փաստացի չեն գնացել, չեն կռվել և դա է նաև պարտության պատճառներից մեկը: 

Ակնհայտ է, որ կոպիտ մանիպուլյացիաներ են տեղի ունեցել նաև զոհերի իրական թվերը ներկայացնելիս: Միքայել Մինասյանի հայտնի գրառումից հետո առողջապահության նախարարությունը մեկ գիշերվա մեջ 1000-ով ավելացրեց հայկական կողմի զոհերի թիվը` այսպիսով մատնելով այն թվային մանիպուլյացիաները, որոնք իրականացվել են և փաստացի հանրությունից թաքցվել է մեր կորուստների իրական պատկերը և ցուցակները այդպես էլ չեն հրապարակվում: 

Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Հադրութի անկման մասին լուրերը ՊՆ ներկայացուցիչը համառորեն հերքել է ՝ ընդ որում, հումորային ոճով դիմել Իլյուշին, մինչև մարտական գործողությունների քարտեզի հրապարակումը: Չնայած, բազմաթիվ էին վկայությունները, որ առնվազն այս հարցում ադրբեջանական կողմը չի ստում և այս տարածքները այլևս չեն գտնվում մեր վերահսկողության տակ: 


Պատերազմի օրերին տված իր հարցազրույցներում Փաշինյանը պնդում էր, որ չի գնա այնպիսի զիջումների, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի կամ Հայաստանի ժողովրդի անվտանգությունը: Սա հավաստիացում էր, որ տրվում էր սեփական ժողովրդին, սակայն ստորագրված փաստաթուղթը ուղղակի հարված է այդ անվտանգությանը:


Փաշինյանը պնդում է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել, բոլոր առաջարկները ենթադրում էին 7 շրջանների հանձնում` ներառյալ Շուշին: Օրեր առաջ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է մեկ այլ փաստաթուղթ, որը Փաշինյանը, ըստ էության, չի համաձայնել ստորագրել և գնացել է ավելի մեծ կորուստների և տարածքային զիջումների: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։