Ի՞նչ են մտածում ռուսաստանցիները ղարաբաղյան հակամարտության մասին


Ի՞նչ են մտածում ռուսաստանցիները ղարաբաղյան հակամարտության մասին
Նոյեմբեր 27 20:20 2020

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը (91 տոկոս) գիտի կամ լսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտության մասին, ընդ որում, նրանցից 69 տոկոսը կարծում է, որ հակամարտությունը կարգավորվել է Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ: Այս մասին վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի հարցման արդյունքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

48 տոկոսը, որոնց թվում են նրանք, ովքեր լսել են հակամարտության մասին, պատասխանել է, որ տեղյակ է Ղարաբաղում հակամարտության ավարտի մասին, 32 տոկոսը այդ մասին ինչ-որ բան է լսել: Այդ մասին առաջին անգամ լսել է 12 տոկոսը:

Հարցվածների 58 տոկոսը կարծում է, որ երկրներից ոչ մեկին չի կարելի հաղթող անվանել: 14 տոկոսը կարծում է, որ հաղթել է Ադրբեջանը, եւ միայն 1 տոկոսն է կարծում, որ հաղթել է Հայաստանը: Դժվարացել է պատասխանել 19 տոկոսը:

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հաջողվել է կարգավորել Ռուսաստանի ակտիվ ջանքերի շնորհիվ՝ կարծում է հարցվածների 69 տոկոսը, 12 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը որոշիչ դեր չի ունեցել: Դժվարացել է պատասխանել 10 տոկոսը: Ավելի քան 57 տոկոսը դրական է վերաբերվում ԼՂ ռուս խաղաղապահների տեղակայմանը, 25 տոկոսը՝ բացասական: Եվս 1 տոկոս նշել է, որ իրենց համար միեւնույնն է:

Հարցվածների 57 տոկոսը կարծում է, որ այդ հակամարտության ավարտից հետո Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունն ավելացել է, միայն 10 տոկոսն է կարծում, որ այն թուլացել է, դժվարացել է պատասխանել 24 տոկոսը:

Որպես փաստարկ, որ Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունն ավելացել է, հարցվածները մեջբերել են այն փաստը, որ Ռուսաստանը կարողացել է կանգնեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները, կարգավորել հակամարտությունը, ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելու միջոցով, ինչպես նաեւ այն փաստը, որ մեծացել է միջազգային հարթակում Ռուսաստանի հեղինակությունը:

Այն հարցվածները, որոնք կարծում են, որ Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է, ասում են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը նախկինի պես անկայուն է, եւ ամրապնդվել է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը:

Համառուսական հեռախոսային հարցումն անցկացվել է նոյեմբերի 20-22-ին: Մասնակցել է 1000 մարդ: