Կյանքիս 21 տարիների ապրուստը մնաց թշնամուն․ կովսականցի ու ստեփանակերտցի ընտանիքների պատմությունները


Կյանքիս 21 տարիների ապրուստը մնաց թշնամուն․ կովսականցի ու ստեփանակերտցի ընտանիքների պատմությունները
Նոյեմբեր 25 20:31 2020

44-օրյա պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցած հայկական գյուղերն ու քաղաքները շատերի համար դարձան նախկին բնակավայրեր, բայց միևնույն է՝ անպայման Արցախի հողում ապրելու նպատակներ բոլորն ունեն։ Զանգելանի շրջանի Կովսական գյուղի դարպասներն այլևս փակված են Վասիլյանների բազմանդամ ընտանիքի համար, իսկ Աթասյանների ընտանիքը մի քանի օրից Գյումրիից կվերադառնա Ստեփանակերտ։

Վասիլյանները Զանգելանի շրջանի Կովսական գյուղից դուրս են եկել պատերազմի առաջին օրերին։ Հավատում էին, որ գյուղն ու տունը դատարկ թողնելը ժամանակավոր է, իսկ ժամանակավոր ապաստանը հայրական տունն է Գյումրիում։ 1999 թվականին տիկին Ազնիվն ու ամուսինը երեք երեխաների հետ Գյումրիից գնացին Կովսական: Առաջին վերաբնակիչներից են եղել: 21 տարիների ընթացքում տուն ու տեղ, մեծ տնտեսություն էին ստեղծել:

«Ամեն ինչ զրոյից ենք սկսել, վերանորոգել ենք կիսակառույց տունը, այգիներ էինք դրել, համարյա հինգ հեկտար նռան այգի էինք դրել։ Անասուններ ունեինք շատ՝ 48 գլուխ։ Հիմնավորվել էինք, հետագայում արդեն հույս ունեինք հողեր վերցնելու, որ արդեն էլի պիտի այգիներ դնեինք՝ թզի, էդպես սաղ անիրական մնացին»,- պատմում է Ազնիվ Վասիլյանը։

 

Կովսականում են ծնվել մյուս երեք երեխաները: 6 զավակ են մեծացրել ու դաստիարակել, նրանց էլ սովորեցրել են  ազնիվ աշխատանքով ապրելու բանաձևը։ 21 տարվա ստեղծածը մնաց հեռվում՝ թշնամու ձեռքին։

«Ամենաշատը կարոտել եմ հողին, բակիս, որ հայաթս կելնեի ամեն անգամ կավլեի, կմաքրեի, կնստեի ծառի տակ։ Ամեն ինչին էլ կարոտել եմ։ Որ ասում են՝ դառը դատես, դատարկ նստես, հիմա մենք էդ վիճակում ենք»,– հուզմունքը զսպելով՝ ասում է տիկին Ազնիվը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում: