Գերմանիան 2 մլն եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքների համար


Գերմանիան 2 մլն եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքների համար
Նոյեմբեր 25 20:07 2020

Գերմանիայի կառավարությունը 2 մլն եվրո է ուղղել Կամիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության՝ մարդու իրավունքների հարցով լիազոր Բերբել Քոֆլերի հայտարարության մեջ:

 

«Ողջունում եմ այն փաստը, որ 6 շաբաթ տևած դաժան մարտերից հետո նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի մասին: Երախտապարտ եմ ԿԽՄԿ-ի ներգրավվածության և աշխատանքի համար, որին Գերմանիայի կառավարությունը 2 մլն եվրո է հատկացրել: Օգնություն տրամադրելու համար ծայրահեղ կարևոր է, որ ԿԽՄԿ-ն և մարդասիրական այլ կազմակերպություններ անարգել հասանելիություն ունենան մարդկանց մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

 

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: