Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde


Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde
Նոյեմբեր 25 12:36 2020

Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա: Այս վերտառությամբ հոդված է հրապարակել Le Monde-ի   լրագրող Պյոտր Սմոլյարը, հաղորդում է Tert.am-ը: 

Հոդվածում մասնավորապես նշվում է. «Սեպտեմբերի վերջին 25 տարվա անհաջող դիվանագիտությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանկարծակի բռնկվեց: Հայերի և ադրբեջանցիների վեց շաբաթ բախումներից հետո Երևանը ստիպված եղավ հանձնվել: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հովանու ներքո կնքվեց կրակի դադարեցման փաստաթուղթ: Զենքերը լռել են, բայց ոչինչ չի լուծվել: Այնպես որ, դիվանագետները նորից անցել են գործի՝ վերականգնելով նախկինում ձախողված նույն ձևաչափը ՝ Մինսկի խումբը:

Պարադոքսալ էր այլընտրանքների բացակայությունը, որի հետ բախվում էին ներգրավված կողմերը, այդ թվում` Ֆրանսիան, որը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Մարտերի ընթացքում Ֆրանսիան իջել էր հանդիսատեսի դերի: Սեպտեմբերի 27-ից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելացրել էր հեռախոսային շփումների քանակը` ըստ Ելիսեյան պալատի՝ հակամարտության բոլոր կողմերի հետ դրանք հասցնելով մոտավորապես 15-ի, բայց միայն հրադադարի մասին հայտարարությունից հետո Փարիզը կարողացավ վերականգնել իր մանևրելու տարածքը»,-ասվում է հոդվածում:

9 կետից բաղկացած հրադադարի մասին եռակողմ հայտարարությունում չի հիշատակվում Մինսկի խումբը: Բայց Մոսկվան շտապում էր` հաշվի առնելով սիրիացի զինյալների աջակցությամբ ադրբեջանական ուժերի սրընթաց հարձակումը:

«Մենք չենք կարծում, որ ռուսները ուրախ են թուրքերի` Կովկաս ժամանելու կապակցությամբ, նրանք հասկանում են, որ Ֆրանսիան և Մինսկի խումբը կարող են օգնել խուսափել նման« տետ-ա-տետ» իրավիճակից»,-կարծում է դիվանագիտական աղբյուրներից մեկը:

«Փարիզն ընդգծում է, որ եռակողմ պայմանավորվածությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ  խնդրի կարգավորմանը: 120 000 հայ փախստականներ, որոնք փախել են ռազմական գործողությունների թատերաբեմից,  պետք է վերադառնալու հնարավորություն ունենան: Թուրքիայի կողմից ուղարկված օտարերկրյա զինյալները` մոտ 2000 սիրիացի վարձկան, ըստ ֆրանսիական կողմի, պետք է հնարավորինս շուտ հեռանան տարածաշրջանից: Բացի այդ, Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար մարզի միջև նախատեսվող տարանցիկ միջանցքի հետ կապված, հարցեր են առաջանում Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ: Սա ամրապնդում է տեղի բնակչության կարծիքը, որ հայկական պետության ամբողջականությունը վտանգված է»,- մտածում է Սմոլյարը:

«Եվս մեկ զգայուն կետ. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու առաքելությունը: Ռուսաստանն արդեն շուրջ 2000 զինծառայող է տեղակայել, ստեղծել է դիտակետեր և անցակետեր: Բայց հարց է առաջանում թուրքական ներկայության վերաբերյալ: Հղում անելով «Մերձավոր Արևելքում, այդ թվում` Սիրիայում Թուրքիայի հետ շատ լավ փորձի» վրա` Վլադիմիր Պուտինը ռուսական հեռուստատեսությամբ պարզաբանել է, որ համաձայն է շփման գծի երկայնքով անօդաչու սարքերի միջոցով տեղեկատվության հավաքման և վերլուծության համատեղ կենտրոն ստեղծելու գաղափարին»,-նշում է լրագրողը:

«Ֆրանսիան, որը մի քանի ամիս դատապարտում է Անկարայի բռնի հարձակումները տարբեր ճգնաժամային գոտիներում, չի կարող դրական գնահատել այս գաղափարը և քննարկում է հրադադարի ռեժիմը վերահսկելու այլ բանաձևեր: Բայց ինչպե՞ս կարող է դրա վրա ազդել», - հարցնում է լրագրողը:

«Քարնեգի» հետազոտական կենտրոնից Թոմաս դե Վաալը կարծում է, որ անհրաժեշտ է «վերստեղծել Մինսկի խումբը՝ վերադառնալով 1990-ականներին գոյություն ունեցած համանախագահների ռոտացիայի գաղափարին: Վերլուծաբանի կարծիքով, Ֆրանսիան պետք է հրաժարվի իր աթոռից: Մտքեր կան, որ Ռուսաստանը օգտագործում է այս ձևաչափը միայն իր համաձայնությանը միջազգային լեգիտիմություն տալու համար, պարզապես կնիք դնելու համար»-նշում է Դե Վաալը: Եթե ձևաչափը պահպանվի, կարևոր է, որ այն ներառի եվրոպական երկիր կամ, գուցե, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայություն: Այս երկիրը պետք է հարգանք վայելի  ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Սակայն ներկայում Բաքուն Ֆրանսիային ընկալում է որպես հայամետ ձայն, որը նրան զրկում է ազդեցության ցանկացած լծակից:

«Հայ համայնքում ընկալումն այլ է՝ չնայած Էմանուել Մակրոնը մատնանշել է Բաքվի և Անկարայի պատասխանատվությունը: Հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հիշեցրել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը Ֆրանսիային  «անաչառության պահանջ» է ներկայացրել: Ազդեցությունը պահպանելու համար խոսք անգամ գնալ չի կարող կողմերից որևէ մեկի կողմում լինելու մասին: Տհաճ փաստարկ է հայերի համար, հատկապես Կովկասում Թուրքիայի իշխանության ամրապնդման ֆոնին, որը պատասխանատու է 1915-ի Ցեղասպանության համար, որը նա մինչ օրս հրաժարվում է ճանաչել », - ասված է հոդվածում:

«Ելիսեյան պալատի մեկ այլ մտահոգություն. տարածաշրջանի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը: Այս առիթով Էմանուել Մակրոնը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդեր Ազուլայի հետ: Կազմակերպության առջև խնդիր է դրված. կարճ ժամանակում ստեղծել փորձագետների առաքելություն, որոնք պետք է գույքագրեն նշանակալի մշակութային արժեքներ: Առաքելությունը կարող է մեկնել մինչ 2021 թվականը սկիզբը: Նրա աշխատանքը դժվար կլինի: Ադրբեջանը, օրինակ, մեղադրում է Լեռնային Ղարաբաղի հայությանը, որ նրանք հեռացել են՝ իրենց հետ վերցնելով եկեղեցիների խաչերը և խոսում են թալանի մասին: Այնուամենայնիվ, այս գյուղացիները ցանկանում էին պաշտպանել իրենց մշակութային ժառանգությունը թշնամիների վրեժխնդիր ձեռքերից»,- ամփոփում է հոդվածը Le Monde-ը:



loading...