Եթե լուցկին տվել են ոչ կոմպետենտ մարդու, որն անզգուշորեն այրել է տան կեսը, ապա, լուցկին նրա ձեռքը մնալու դեպքում, վաղ թե ուշ կայրվի ամբողջ տունը․ «Առավոտ»


Եթե լուցկին տվել են ոչ կոմպետենտ մարդու, որն անզգուշորեն այրել է տան կեսը, ապա, լուցկին նրա ձեռքը մնալու դեպքում, վաղ թե ուշ կայրվի ամբողջ տունը․ «Առավոտ»
Նոյեմբեր 25 06:18 2020

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է․

 

«Ուզում եմ հակիրճ ամփոփել, թե ինչ մեղադրանք­ներ են ինձ առաջադրում կամ ինչ թեմայով են ինձ հետ վիճում իմ ֆեյսբուբյան ընկերները:

1/ Ես օբյեկտիվ չեմ ներկայացնում իրականությու­նը:

 

Ներկայացնում եմ իրականության իմ ընկալումը, մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, ունենք հազա­րավոր զոհեր, տասնյակ հազարավոր գաղթական­ներ, տնտեսական և հումանիտար կոլապս, և դրա գլխավոր պատասխանատուն ներկայիս վարչա­պետն է: Ո՞րն է այստեղ սուտ, սխալ կամ ոչ օբյեկ­տիվ պնդում:

2/ Ես ինչ-որ բան ունեմ անձնապես Նիկոլ Փաշինյանի դեմ:

Ճիշտ հակառակը՝ գտնում եմ, որ նա տաղանդավոր լրագրող է, նույնքան տաղանդավոր հռետոր, որոշա­կի հեղինակություն ձեռք բերած քաղաքական գործիչ: Համաձայն չեմ, որ նա դավաճան է, կտրականապես դեմ եմ նրա հասցեին անձնական վիրավորանքներին: [Ի դեպ, դեմ եմ նաև Աննա Հակոբյանի մասին ան­պարկեշտ խոսակցություններին՝ նա ինձ համար մաս­նավոր անձ է, նաև՝ գործընկեր: Պատասխանատվու­թյան պետք է ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնք մասնավոր անձին «դոպուսկ» են տվել այնպի­սի տեղեր, որտեղ նա չպիտի լիներ]: Նիկոլ Փաշինյանը պարզապես շատ վատ, ահավոր վատ, աղե­տալի վատ կառավարիչ է, նա չունի պետությունը ղե­կավարելու համար անհրաժեշտ որակներ:

3/ Կանխատեսումներս չափից դուրս հոռետեսա­կան են:

Այստեղ, իհարկե, կարող եմ սխալվել՝ քաղաքա­գետները, հավանաբար, ավելի ճշգրիտ կանխատե­սումներ կանեն: Ես ուղղակի առաջնորդվում եմ պարզ տրամաբանությամբ, եթե լուցկին տվել են ոչ կոմպետենտ մարդու, որն անզգուշորեն այրել է տան կեսը, ապա, լուցկին նրա ձեռքը մնալու դեպքում, վաղ թե ուշ կայրվի ամբողջ տունը:

4/ «Крепитесь, Запад нам поможет»:

Դա, իմ կարծիքով, պատրանք է: Ֆրանսիայի և Միացյալ նահանգների համար մեր խնդիրները 10-երորդական նշանակություն ունեն: Նրանք կարող են հանդես գալ «բարոյապես սատարող» հայտարարու­թյուններով [նաև Սենատի մակարդակով], ուղարկեն հումանիտար բրինձ-լոբի, բայց ոչ ավելին: Այս տա­րածաշրջանում շահեր ունի, անշուշտ, Ռուսաստանը: Բայց այս որակի, արտաքին քաղաքականության հարցերում այս աստիճանի «բոբիկ» ղեկավարության պարագայում շատ հնարավոր եմ համարում, որ ռուսները կրկին պայմանավորվեն թուրքերի հետ, և վերջիններս մեզ այստեղից, այսինքն՝ բուն Հայաստա­նի Հանրապետությունից քշեն: Այդ պարագայում կա­րելի է ակնկալել, որ Ֆրանսիան կամ Միացյալ Նա­հանգները մեզ նոր «նանսենյան անձնագրեր» կտան: 

 

5/ «Բա որ Նիկոլը գնա, ո՞վ կգա»:

Հարցի հասցեատերը ես չեմ, կա խորհրդարան, կան կուսակցություններ: Կա, ի վերջո, Սահմանադ­րություն, որն այդ հարցերը կարգավորում է: Որևէ մի քաղաքական ուժի նկատմամբ առանձնակի համակ­րանք կամ հակակրանք չունեմ»։