«Ես կխելագարվեի, որ իմանայի՝ իմ երեխան, թեկուզ մահացած վիճակում, կարող է գտնվել թշնամու ձեռքում»


«Ես կխելագարվեի, որ իմանայի՝ իմ երեխան, թեկուզ մահացած վիճակում, կարող է գտնվել թշնամու ձեռքում»
Նոյեմբեր 20 12:50 2020

«Գեղամս բավականին համեստ, չափված երեխա էր. ինքը ոչ մի թերություն չուներ, այնպես չէ, որ իմ երեխան է այդ պատճառով եմ գովում նրան»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com- ին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերում զոհված ժամկետային զինծառայող Գեղամ Ավդալյանի մայրը՝ Սրբուհի Առաքելյանը:

Գեղամն ընտանիքի ավագ զավակն էր: Նա ծնվել և մեծացել էր Բուլղարիայում, բայց, հանգամանքների բերումով, 2011 թվականին ընտանիքով վերադարձան Հայաստան. «Տղաս Բուլղարիայում իր սեփական ուժերով կարողացավ ընդունվել մաթեմատիկայի թեքումով դպրոց, այն ավարտելուց հետո վերադարձանք հայրենիք: Այստեղ շատ կարճ ժամանակում կարողացավ սովորել հայերեն տառերը և ընդունվեց խոհարարական քոլեջ»,- ասաց տիկին Սրբուհին:

Մայրը պատմում է՝ Գեղամը ազատ ժամանակը շատ էր սիրում անցկացնել խոհանոցում: Նա ցանկանում էր ավարտել խոհարարական քոլեջը և նոր զորակոչվել բանակ, այդ պատճառով Գեղամը ծառայության էր անցել նախատեսվածից 6 ամիս ուշ:

Նա զորակոչվեց բանակ 2020 թվականի հուլիսի 9-ին: Գեղամը ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել, նա միշտ ուներ բարձր տրամադրություն: Պատերազմի սկսվելը Գեղամի մայրը իմացել է իր որդուց. «Ինձ հետ մի տարօրինակ բան էր կատարվում, ես, անկախ ինձանից, ուզում էի լաց լինել, 2 ժամ անց տղաս զանգահարեց, ես հարցրեցի՝ տղա՛ս, ի՞նչ կա բա, ո՞նց ես, ես դա հարցրեցի, քանի որ երկար ժամանակ էր՝ չէր զանգահարել և անտեղյակ էի, թե իրականում ինչ է կատարվում: Գեղամս ինձ ասաց՝ մամ ջան, ինչ-որ լսել ես, ճիշտ ես լսել, բայց ես ոչինչ չէի լսել, հարցրեցի՝ ինչ է եղել, ու ասաց, որ պատերազմ է սկսվել»,- վերհիշում է տիկին Սրբուհին:

Գեղամը շատ օրեր շարունակ շատ անհանգիստ էր, քանի որ իրենց տղաների մեծամասնությունը չկար, և ինքը կարծում էր, թե նրանք զոհվել են..«Այդ թեժ մարտերի ժամանակ Գեղամս մտածում էր իր ընկերների մասին, մի քանի օր անցավ ու որդիս ուրախ ինձ զանգահարեց ու ասաց, որ տղաները ողջ և առողջ են, նրանց բան չի պատահել»,- նշեց հերոսի մայրը:

Գեղամը հանգստացրել է մորը, ասելով՝ իրենց մոտ այդքան էլ թեժ կռիվներ չկան, այնինչ նա գտնվել է ամենաթեժ կետերում: Դեպքից մեկ օր առաջ Գևորգի տրամադրությունը այդքան էլ լավ չէր, և տրամադրության անկումը մայրիկին բացատրել էր իր հոգնած լինելով. «Շատ անտրամադիր էր Գեղամս: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին: Ինքը ներքևում է եղել, ընկերը ասել է մի գնա, Գեղամն էլ պատասխանել է, որ չի կարող չգնալ, քանի որ բոլորը 2001 և 2002 թվականին ծնված երեխեք են ու սխալ է նրանց մենակ թողնելը; Գեղամս գնաց ու այդպես էլ հետ չեկավ»,- ցավով ասաց տիկին Սրբուհին:

Ինչպես նշում է մեր զրուցակիցը, ռազմի դաշտից Գևորգի մարմինը դուրս է բերել մի հրամանատար՝ իր կյանքը վտանգելով, որին անպայման գտնելու է և իր խորհին շնորհակալությունն է հայտնելու. «Որքան ծնողներ կան, որ մղկտում են, քանի որ այդպես էլ չեն կարողանում գտնել իրենց երեխաների մարմինը, բայց շնորհիվ այդ հրամանատարի ես կարողացա իմ երեխայի մարմինը պատվով հանձնել հողին: Ես կխելագարվեի, որ իմանայի՝ իմ երեխան, թեկուզ մահացած վիճակում, կարող է գտնվել թշնամու ձեռքերում»,- ընդգծեց մայրը:

Գեղամն ուներ ընկերուհի, բայց այդ ամենին նրա մայրը այդքան էլ լուրջ չէր վերաբերվում, մինչև այս դեպքի պատահելը. «Մտածում էի՝ երեխեք են, հեռախոսազրույցով շփվում են իրար հետ, բայց ես չգիտեի, որ այս աստիճան լուրջ է ամեն ինչ: Հիմա ընտանիքներով մտերիմ ենք, ու այդ աղջկա ծնողները այնքան լավ են կարողացել ճանաչել տղայիս. ես չգիտեի, որ նա այդքան ամաչկոտ կարող էր լինել»,- նշում է մեր զրուցակիցը:

Հերոսի մայրը, մեզ հետ զրույցում նաև ասաց, որ իր տղայի ընկերուհուն, որն, ընդամենը, 18 տարեկան է, հորդորում է, որ անպայման վերադասավորի իր կյանքը, քանի որ, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է. «Ինքը շատ ծանր է տանում որդուս կորուստը, փորձում եմ իրեն հույս տալ, որ բնականոն ձևով շարունակի իր կյանքը, քանի որ 18 տարեկան աղջիկը պետք է և պարտավոր է իր կյանքը շարունակի»,- եզրափակեց վերջինս:



loading...