Երազում էր քրոջը հարսի զգեստով տեսնել. հերոսացած Ռազմիկը բազում չիրականացված երազանքներ ուներ


Երազում էր քրոջը հարսի զգեստով տեսնել. հերոսացած Ռազմիկը բազում չիրականացված երազանքներ ուներ
Նոյեմբեր 9 13:51 2020
24-ամյա Ռազմիկ Մկրտչյանը, որ նոր էր ընտանիք կազմել, պատերազմի առաջին օրերին ընտանիքին ասել էր, թե իբր կանչել են, այնինչ, առաջնագիծ էր մեկնել կամավոր։ Հարազատներին ասել էր, որ Գորիսում է, սակայն Արցախում էր՝ մարտի ամենաթեժ կետերից մեկում․ ընտանիքն այդ մասին իմացավ նրա զոհվելուց հետո միայն։
Քառօրյա պատերազմին մասնակցած Ռազմիկը չէր կարող անմասն մնալ այս պատերազմից ևս։ Ռազմիկը անավարտ թողեց թե՛ իր, թե՛ հարազատների երազանքները։
 
Ռազմիկի հորաքրոջ աղջիկը՝ Անուշիկ Մկրտչյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասում է, որ Ռազմիկը դեռ փոքր տարիքից է տարբերվել բոլորից, ամեն տեղ գիտեր իր սահմանն ու երբեք ավելորդություններ թույլ չէր տալիս․ «Դիմացինին լսել ու ճիշտ խոսել գիտեր, շրջապատում առաջնորդ էր Ռազը։ Դպրոցում  «հարց լուծողն» էր, բոլորին օգնում էր, բոլորի խնդիրներն իրենն էին։ Թեև շատ էր զայրացնում ուսուցիչներին, այնուամենայնիվ, նրան շատ էին սիրում։ Դասերից միշտ ուշանում էր Ռազմիկը, բայց չուշացավ հայրենիքը պաշտպանելու հարցում»։
 
Ռազմիկը Էջմիածնից էր, սկզբում սովորել է Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, ապա՝ Էջմիածնի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, զորակոչվել բանակ, իսկ զորացրվելուց հետո՝ ամուսնացել։
 
«Շատ թասիբով էր, ընկերասեր, երբեք փառքի կամ փողի հետևից չէր գնա։ Նաև ռոմանտիկ էր սիրո մեջ, կնոջ համար ամեն ինչի պատրաստ էր»,- Անուշիկն այսպես է բնութագրում եղբորը։
 
Հերոսը վերջին անգամ՝ հոկտեմբերի 9-ին, խոսել է ընտանիքի անդամների հետ, խոստացել՝ պատերազմի ավարտից հետո վերադառնալ ու քրոջը սիրուն հարսանիք անել․ «Երազում էր քրոջը հարսի զգեստով տեսնել։ Հենց այդ օրն էլ պետք է տեղի ունենար Էլիզի՝ Ռազմիկի քրոջ հարսանիքը»։
 
Ռազմիկը հուղարկավորվել է հոկտեմբերի 14-ին՝ քրոջ ծննդյան օրը։
 
 
Արփինե Հակոբյան